Saturday, December 30, 2017

Մի տոնածառի պատմություն



Երբ 2017-ը դեռ նոր էր սկսվում, իմ սիրելի մարդկանց շնորհավորելիս ասում էի. «2017-ը գեղեցիկ է հնչում, գեղեցիկ թիվ է, գեղեցիկ տարի է լինելու»։ Խոսքերիս վրա այնքանով էի վստահ, որ գալիս էին իմ ներսից։ Եվ իրոք, այն ամենագեղեցիկ տարիներից մեկն էր, եթե ոչ ամենագեղեցիկը։ 
Ինձ վրա հաճախ ծիծաղում էին, երբ ես հանում էի տեսախցիկս և սկսում նկարել, ինչու ոչ նաև սելֆիներ անել։ Ես, դա անելով, հետապնդում էի միայն մի նպատակ՝ ֆիքսել հենց այդ պահը և անմահացնել այդ ամենը։ Եվ հիմա ինչ կգրեմ այստեղ, դա իմ լուսանկարների օգնությամբ կլինի. դժվար է հիշել որևիցե բան առանց խթանի։ 
Տարին կսկսեմ ամփոփել հենց սկզբից։ Ի դեպ, ուզում եմ նշել, որ 2017-ի այս ուս. տարին միանգամայն տարբեր էր մնացյալ տարիներից, իսկ ես կրթահամալիրում եմ դեռ այն ժամանակից, երբ Նելլի Մեդոյանն ինձ կրում էր իր կրծքի տակ։ 
Հենց այս տարում էր, երբ հասկացա, թե ինչ եմ ուզում ինձնից և իմ այս աշխարհից։ Սկսեցի ավելի լուրջ մոտենալ իմ զարգացման պրոցեսին, լինել ավելի պատրաստակամ քան առաջ էի, լինել զգոն և աչալուրջ առօրյա հարցերում, միևնույն ժամանակ չկորցնելով և դեռ ավելի շատացնելով զվարթությունս և ուրախությունս։ 

Կրթահամալիրի այնքան կարևոր նախագծերի ու հավաքների ընդհանուր պարապմունքներ եմ վարել,ինչպիսիք էին ՀՀ մշակույթի նախարարի այցը կրթահամալիր, Վրաստանի և ՀՀ կրթության նախարարների այցը կրթահամալիր,«Հայ-վրացական կամուրջներ» նախագծի ամփոփում-համերգը վրաց դեսպանի մասնակցությամբ։ Այստեղից սկսվեց իմ նախարարական սելֆիների շարքը))) Սեպտեմբերի առաջին շաբաթներն էին,երբ կրթահամալիր այցելեց Վրաստանի Մշակույթի նախարարը, ում հետ շատ հետաքրքիր և կրթական առումով հեռանկարային հանդիպում քննարկում ունեցանք Գեղարվեստի հարթակում և հենց այնտեղ էլ Միքայել Կամենդատյանի, Միլենա Թևատրոսյանի ու նախարարի հետ անմահացանք մի քանի նկարներում և մի սելֆիում։ 



Ապա ունեցանք հաճելի ճամփորդություն դեպի սիրելի ջրվեժ՝ Թռչկան։ Ինչպես նաև մասնակցեցինք ԵՍՖ 2017-ի սեմինարներից մեկին՝ արդեն 5 սովորողով, 2 դասավանդողով և տնօրենով։ 
Այս տարվա ամենամեծ ու կարևոր իրադարձությունները պտտվեցին Աշտարակի և Գյումրու շուրջը։ Հոկտեմբերի 7-ին ամփոփեցինք «Կոմիտասյան օրեր» նախագիծը։ Կոմիտասով, պարերգով գնացինք Օշական։ Համերգ-ամփոփումը վարեցինք կրկին ես և Տիարը։ 
Լուսանկարները նայելիս տեսնում եմ՝ տարատեսակ իրադարձություններ հաջորդել են իրար ընդամենը 1-2 օր տարբերությամբ։ 
Էկո դասի շրջանակներում մասնակից եմ եղել նաև «Շողացող գետերը» ֆիլմի դիտում-քննարկմանը։ 
Ուրախ եմ նաև, որ կարողացել ընկերներիս՝ Միլենա Թևատրոսյանին, Թամարա Աճեմյանին, փոքրիկ օգնություն ցույց տալ իրենց մոնոներկայացումների սկսվելուց ժամեր առաջ և լուսաբանել հենց թատերահարթակից։ 
Ուրախ էի, երբ ես ներկայացնում էի իմ նկարները «Ներգրավվածություն» խորագիրը կրող նկարչական ցուցահանդեսում։ 
Ապագա ցանկալի մասնագիտությանս համար մեծ օգուտ եղավ ուսումնական այցը ռադիո «Ավրորա»։ 

Ինչպես նշեցի՝ վերջին իրադարձությունները պտտվում էին Գյումրու և Աշտարակի շուրջը։ Աշխատանքային այցով գնացել էինք Գյումրի։ Հանդիպում ունեցանք Գյումրու քաղաքապետի հետ, շրջեցինք Գյումրու Երիտասարդական պալատում, որտեղ տեսանք գյումրեցի ռոքերների փորձերի սենյակը և միտք առաջացավ համագործակցել նրանց հետ։ Վերջերս նրանք այստեղ էին՝ Բանգլադեշում՝ կրթահամալիրում. մի քանի օր է ինչ գնացել են։ Նրանց հետ ծանոթությունը և մտերմությունը կարևոր եմ համարում. նրանք իսկապես լավն էին թե որպես ռոք խումբ և թե որպես նոր ընկերներ։
Դասերն ավելի տպավորիչ են անցնում, երբ միջավայրդ ամբողջովին փոխվում է։ Այ օրինակ լինելով էկոլոգիան այլ ուսուցչի խմբում, երբեք առիթը բաց չեմ թողնում ընկեր Մարթայի խմբի հետ մասնակցելու բնապահպանական հանրային հանդիպում-քննարկումների, ինչպիսին մեր վերջին հանդիպումն էր Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված։
Երբեք չեմ մոռանա դեկտեմբերի 16-ը։ Այդ օրը նախատեսել էի մասնակցել երեք կարևոր իրադարձության, սակայն կարողացա մասնակցել միայն 2-ին. երրորդին՝ թուրք գրողի գրքի շնորհանդեսին, պարզապես ժամանակը չներեց, որ մասնակցեի։ Բայց առավոտը սկսել Աշտարակում, որպես հանդիսավար,այն էլ այդքան կարևոր համերգի,ինձ համար շատ ոգևորիչ էր ու հուզիչ։
Որոշ ժամանակ որոշեցի դադար առնել, սակայն դա տևեց ընդամենը մեկ օր, որը կարծում եմ բավական էր։ Իրադարձությունները սկսեցին քչանալ, թե արդեն իրոք քիչ էին, թե իրադարձությունները հոգնել էին ինձնից՝ չգիտեմ։ Այդ առիթը բաց թողնելով ՝ սկսեցի անհագ կերպով ընկղմվել դասերիս մեջ։ 
Երկար ժամանակ չանցած՝ իրադարձությունները մուսաներիս նման ինձ կարոտած վերադարձան։ Մի քանի օր առաջ մեծ փորձ ձեռք բերեցի ապագա ցանկալի մասնագիտությանս համար։ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր ուզել կրթահամալիրից՝ «Ավետիս... Christmas» համերգ-ներկայացումից։ Ռեպորտաժը վստահվել էր ինձ, ի դեպ, դա իմ առաջին ռեպորտաժն էր սթենդ-ափ ոճում։ 
Այս տարվա վերջին մեդիաչորեքշաբթիի պատասխանատուն Ավագ դպրոցն էր։ Տոնախմբությունը անվանել էինք «Կարողությունների ցուցադրության ստուգատես»։ Հպարտությամբ ասում եմ, որ տոնախմբության վարողը կրկին ես էի, իսկ տոնախմբությունն անցավ անչափ անկեղծ, ջերմ, ուրախ և անակնկալներով լի միջավայրում։ 
2017-ն արդեն ավարտվում է, բայց այն ավարտել ես ամենևին չեմ ուզում, սակայն գիտակցում եմ, որ 2018-ն ավելի գեղեցիկ է, ավելի գեղեցիկ է հնչում, և այս անգամ հոգուս ձայնն ավելի վստահ է դա ասում։ Տարիս չափազանց հագեցած էր. ուներ թե երջանիկ, թե տխուր պահեր, ծիծաղաշատ էր, հուզումնաշատ ու լացաշատ։ Դե ասեք, 2 շաբաթ Միացյալ Թագավորությունում գտնվելը հրաշք է, չէ՞։ Շրջել Լոնդոնում, թագավորական այդ հրաշք միջավայրում,շփվել նոր մարդկանց հետ և զարգացնել լեզվական հմտություններս, իհարկե հրաշք է,որը միշտ կմնա իմ հիշողություններում։
Թեպետ կան շատ բաներ, որոնք կատարվել են, արել եմ այս տարում, որոնց մասին սակայն չեմ պատմել, բայց դրանք կան, դրանք են ձևավորել իմ ուսումնական տոնածառը։ Երևի հենց դրանց շնորհիվ է, որ արժանացել եմ «Ձմեռ պապ» մրցանակի։ Երբ հայտնեցին ինձ մրցանակի արժանանալու մասին, ես ոգևորվածությունից ժպիտը դեմքիս թռչկոտում էի։ Չգիտեի էլ թե ինչ մրցանակ է լինելու, չգիտեի՝ ինչու, միայն այն գաղափարը, որ ես ստացել եմ մրցանակ կրթահամալիրիցս՝ ինձ երջանկացնում էր։ Սկսեցի խոկալ՝ արդյո՞ք արժանի եմ մրցանակին։ Ու կյանքում ինչքան էլ մրցանակներ ունենամ, կարծում եմ՝ այդ միտքն ինձ ամբողջ կյանքում կուղեկցի։ Այդ խրախուսանքը ինձ ցանկություն է տալիս ձգտելու ավելիին, հիմա առավել ևս չեմ կարող նահանջել և պետք է շարունակեմ այն ճանապարհը, որով գնում եմ։ 
Շնորհակալ եմ. ես կանեմ այնպես, որ կրթահամալիրս ինձ հիշի, կձգտեմ տարիքիս հետ հաղթահարել ավելի մեծ բարձունքներ։ Իմ առանձնահատուկ շնորհակալություններն եմ հղում ինձ առաջադրողներին և առաջադրությունը հաստատողին։ 

Գրելով այսքանը՝ չանդրադառնալ չեմ կարող Մարթա Ասատրյանին, իմ ուսուցչին, իմ ղեկավարին և պարզապես ընկերոջը, ով միշտ ինձ հետ է եղել, ուղղորդել է ինձ, օգնել ամեն հարցում, սովորեցրել... Ես երբեք չեմ մոռանա և չեմ դադարի գնահատել նրան։ 

Կրթահամալիրը երբեք կրթահամալիր չէր լինի, եթե չլիներ մեր Տիարը։ Նա՝ Տիարը, ինձ միշտ զարմացնում է։ Ամեն անգամ նրա հետ ճամփորդելիս հարստացած վերադառնում եմ ետ։ Նրա շնորհիվ հասկացել եմ, թե ինչ է նշանակում լինել մի վայրում, ապրել պահը։ Հպարտ եմ, ուրախ եմ, որ Աշոտ Բլեյանը իմ ավագ ընկերն է։ 


Այսպիսով ավարտվեց 2017 թվականը և նայելով իմ զարդարած ուսումնական տոնածառին ժպիտս չեմ կարողանում թաքցնել,լավ է ստացվել։Առջևում ամենագեղեցիկ 2018-ն է...

No comments:

Post a Comment