Tuesday, March 20, 2018

Հետհաշվարկ կամ նոր սկիզբ

Ուրախալի և հաճելի է, երբ միշտ իրադարձություններն ու դեպքերն անպակաս են քեզնից, երբ ապրում ես ակտիվ, աշխույժ կյանքով։ Իսկ դեպքերը, իրադարձությունները պետք է անմահացնել՝ հիշողությունում, տեսախցիկում, գրում և ամենուր։
Ինձ վրա հաճախ ծիծաղում էին, երբ ես հանում էի տեսախցիկս և սկսում նկարել, ինչու ոչ նաև սելֆիներ անել։ Ես, դա անելով, հետապնդում էի միայն մի նպատակ՝ ֆիքսել հենց այդ պահը և անմահացնել այդ ամենը։ Եվ հիմա ինչ կգրեմ այստեղ, դա իմ լուսանկարների օգնությամբ կլինի. դժվար է հիշել որևիցե բան առանց խթանի։



Կրթահամալիրի այնքան կարևոր նախագծերի ու հավաքների ընդհանուր պարապմունքներ եմ վարել,ինչպիսիք էին ՀՀ մշակույթի նախարարի այցը կրթահամալիր, Վրաստանի և ՀՀ կրթության նախարարների այցը կրթահամալիր,«Հայ-վրացական կամուրջներ» նախագծի ամփոփում-համերգը վրաց դեսպանի մասնակցությամբ։ Այստեղից սկսվեց իմ նախարարական սելֆիների շարքը))) Սեպտեմբերի առաջին շաբաթներն էին,երբ կրթահամալիր այցելեց Վրաստանի Մշակույթի նախարարը, ում հետ շատ հետաքրքիր և կրթական առումով հեռանկարային հանդիպում քննարկում ունեցանք Գեղարվեստի հարթակում և հենց այնտեղ էլ Միքայել Կամենդատյանի, Միլենա Թևատրոսյանի ու նախարարի հետ անմահացանք մի քանի նկարներում և մի սելֆիում։

Ապա ունեցանք հաճելի ճամփորդություն դեպի սիրելի ջրվեժ՝ Թռչկան։ Ինչպես նաև մասնակցեցինք ԵՍՖ 2017-ի սեմինարներից մեկին՝ արդեն 5 սովորողով, 2 դասավանդողով և տնօրենով։ 

Ամենամեծ ու կարևոր իրադարձությունները պտտվում են Աշտարակի և Գյումրու շուրջը։ Հոկտեմբերի 7-ին ամփոփեցինք «Կոմիտասյան օրեր» նախագիծը։ Կոմիտասով, պարերգով գնացինք Օշական։ Համերգ-ամփոփումը վարեցինք կրկին ես և Տիարը։ 
Լուսանկարները նայելիս տեսնում եմ՝ տարատեսակ իրադարձություններ հաջորդել են իրար ընդամենը 1-2 օր տարբերությամբ։ 
Էկո դասի շրջանակներում մասնակից եմ եղել նաև «Շողացող գետերը» ֆիլմի դիտում-քննարկմանը։ 
Ուրախ եմ նաև, որ կարողացել ընկերներիս՝ Միլենա Թևատրոսյանին, Թամարա Աճեմյանին, փոքրիկ օգնություն ցույց տալ իրենց մոնոներկայացումների սկսվելուց ժամեր առաջ և լուսաբանել հենց թատերահարթակից։ 
Ուրախ էի, երբ ես ներկայացնում էի իմ նկարները «Ներգրավվածություն» խորագիրը կրող նկարչական ցուցահանդեսում։ 
Ապագա ցանկալի մասնագիտությանս համար մեծ օգուտ եղավ ուսումնական այցը ռադիո «Ավրորա»։ 

Ինչպես նշեցի՝ իրադարձությունները պտտվում էին Գյումրու և Աշտարակի շուրջը։ Աշխատանքային այցով գնացել էինք Գյումրի։ Հանդիպում ունեցանք Գյումրու քաղաքապետի հետ, շրջեցինք Գյումրու Երիտասարդական պալատում, որտեղ տեսանք գյումրեցի ռոքերների փորձերի սենյակը և միտք առաջացավ համագործակցել նրանց հետ։ 
Եվ նրանք հյուրընկալվեցին այստեղ՝ Բանգլադեշ՝ կրթահամալիր։ Նրանց հետ ծանոթությունը և մտերմությունը կարևոր եմ համարում. նրանք իսկապես լավն էին թե՛ որպես ռոք խումբ և թե՛ որպես նոր ընկերներ։

Դասերն ավելի տպավորիչ են անցնում, երբ միջավայրդ ամբողջովին փոխվում է։ Այ օրինակ լինելով էկոլոգիան այլ ուսուցչի խմբում, երբեք առիթը բաց չեմ թողնում ընկեր Մարթայի խմբի հետ մասնակցելու բնապահպանական հանրային հանդիպում-քննարկումների, ինչպիսին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված  հանդիպումն էր։

Երբեք չեմ մոռանա դեկտեմբերի 16-ը։ Այդ օրը նախատեսել էի մասնակցել երեք կարևոր իրադարձության, սակայն կարողացա մասնակցել միայն 2-ին. երրորդին՝ թուրք գրողի գրքի շնորհանդեսին, պարզապես ժամանակը չներեց, որ մասնակցեի։ Բայց առավոտը սկսել Աշտարակում, որպես հանդիսավար,այն էլ այդքան կարևոր համերգի,ինձ համար շատ ոգևորիչ էր ու հուզիչ։
Որոշ ժամանակ որոշեցի դադար առնել, սակայն դա տևեց ընդամենը մեկ օր, որը կարծում եմ բավական էր։ Իրադարձությունները սկսեցին քչանալ, թե արդեն իրոք քիչ էին, թե իրադարձությունները հոգնել էին ինձնից՝ չգիտեմ։ Այդ առիթը բաց չթողնելով ՝ սկսեցի անհագ կերպով ընկղմվել դասերիս մեջ։ 
Երկար ժամանակ չանցած՝ իրադարձությունները մուսաներիս նման՝ ինձ կարոտած վերադարձան։ 
Ապագա ցանկալի մասնագիտությանս համար մեծ փորձ ձեռք բերեցի. «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր ուզել կրթահամալիրից՝ «Ավետիս... Christmas» համերգ-ներկայացումից։ Ռեպորտաժը վստահվել էր ինձ, ի դեպ, դա իմ առաջին ռեպորտաժն էր սթենդ-ափ ոճում։ 

2017թ-ի վերջին մեդիաչորեքշաբթիի պատասխանատուն Ավագ դպրոցն էր։ Տոնախմբությունը անվանել էինք «Կարողությունների ցուցադրության ստուգատես»։ Հպարտությամբ ասում եմ, որ տոնախմբության վարողը կրկին ես էի, իսկ տոնախմբությունն անցավ անչափ անկեղծ, ջերմ, ուրախ և անակնկալներով լի միջավայրում։ 
2017-ն արդեն ավարտվեց, բայց այն ավարտել ես ամենևին չէի ուզում, սակայն գիտակցում էի, որ 2018-ն ավելի գեղեցիկ է լինելու, և հենց այդպես էլ կա։ 2017-ս չափազանց հագեցած էր. ուներ թե երջանիկ, թե տխուր պահեր, ծիծաղաշատ էր, հուզումնաշատ ու լացաշատ։ 
Դե ասեք, 2 շաբաթ Միացյալ Թագավորությունում գտնվելը հրաշք է, չէ՞։ Շրջել Լոնդոնում, թագավորական այդ հրաշք միջավայրում,շփվել նոր մարդկանց հետ և զարգացնել լեզվական հմտություններս, իհարկե հրաշք է,որը միշտ կմնա իմ հիշողություններում։


2018-ը շատ լավ սկսեցի. արժանացա «Ձմեռ պապ» մրցանակի։ Երբ հայտնեցին ինձ մրցանակի արժանանալու մասին, ես ոգևորվածությունից ժպիտը դեմքիս թռչկոտում էի։ Չգիտեի էլ թե ինչ մրցանակ է լինելու, չգիտեի՝ ինչու, միայն այն գաղափարը, որ ես ստացել եմ մրցանակ կրթահամալիրիցս՝ ինձ երջանկացնում էր։ Սկսեցի խոկալ՝ արդյո՞ք արժանի եմ մրցանակին։ Ու կյանքում ինչքան էլ մրցանակներ ունենամ, կարծում եմ՝ այդ միտքն ինձ ամբողջ կյանքում կուղեկցի։ Այդ խրախուսանքը ինձ ցանկություն է տալիս ձգտելու ավելիին, հիմա առավել ևս չեմ կարող նահանջել և պետք է շարունակեմ այն ճանապարհը, որով գնում եմ։ 

Այս ամբողջը ես պատմել եմ իմ «Մի տոնածառի պատմություն» գրում։
Իսկ հիմա կպատմեմ այն ամենը, որը կատարվել է գիրը գրելուց հետո։
_______________________

2018-ը սկսվեց Ձմեռային ճամբարով, որի հենց առաջին մի քանի օրն անցկացրինք Աշտարակում՝ Ուսումնական Գյումրի նախագծով, Լուսինե Սարգսյանի հետ։ 
Գնացել, եկել, ծանոթացել, ընկերակցել, քայլել, պարել ու երգել ենք մեր աշտարակցիների հետ։ Եթե ցանկանաք ավելի մանրամասն իմանալ նախագծի՝ իմ մասնակցության մասին, ապա կարող եք կարդալ՝ «Կամուրջներն ու քաղաքները» պատումը։ 

Ինչպես նաև Տիար Բլեյանի հետ մասնակցել ենք լսարանի բացմանը Սև շենքում։ Հետաքրքիր չանցնել տիարի հետ պարզապես անհնար է. երբ երկու մարդ կարողանում են շփվել, խոսել և քննարկել, ապա միշտ պետք է ստեղծել հետաքրքրություն և կարողանալ օգուտներ քաղել։ 
Ձմեռային ճամբարի ընթացքում փորձել եմ մասնակցել գրեթե բոլոր ուսուցիչների նախաձեռնած նախագծերին, որոնցից մեկը՝ Թուրքերեն լեզվի ուսուցիչ՝ Էլեն Քոքչյանի նախագիծն էր՝ այցելություն Կապույտ Մզկիթ։ 














Սիրելի գործընկերների՝ Աշոտ Բլեյանի, Միքայել Կամենդատյանի, Էրիկ Թելունցի և Ռուդիկ Սահակյանցի հետ մասնակցել ենք ՔՀԿ-ների կարողությունների զարգացման «ՔՀ Կամուրջ» ծրագրին։ 


Այնքան լավ է, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ սովորելու, ռադիո թողարկումներ, վիդեո նկարահանումներ անելու, և այդ ամենն անել ուսումնական նպատակներով, որպեսզի սովորենք և հմտանանք։ 
«Ձմեռ Պապ» մրցանակս ստացել եմ «Սուրհանդակ»-ի շնորհիվ։


Գյումրիում շատ եմ եղել, բայց այս անգամ բնապահպանական խնդրով Մարթա Ասատրյանի և այլ սովորողների խմբի հետ երկօրյա այցով գնացել էի Գյումրի, Աշոցք։ Գյումրում անցակցրած ժամերի, դեպքերի, քննարկումների, արկածների և կրթող հանդիպումների մասին պատմել եմ «Զարմանալ նշանակում է խոստովանել» գրում։ 





Մտորել շատ եմ սիրում, բայց մուսայի այցով է, որ կարողանում եմ կիսվել ձեզ հետ իմ մտքերով և վերլուծություններով։ Դրանցից մեկը՝ «Վերլուծե՞նք, Ընեկրներ» հոդված-վերլուծությունն է։ 
Հասարակական ստուգատեսի շրջանակներում կազմակերպված հանդիպում-քննարկումներին մասնակցել եմ ակտիվ և սիրով։ Նաև պատմել եմ ստուգատեսի ընթացքում  Էրիկ Թելունցի անցկացրած վարպետության դասի մասին, որում Էրիկը սովորեցնում էր մեր կրտսեր ընկերներին՝ ինչպես գրեն անհատական աշխատանք։



Սա դեռ ամենը չէ. ուսումնական տարին դեռևս չի ավարտվել, առջևում են դեռ նոր հանդիպումները, քննարկումները, այցերը, ճամփորդությունները, վերլուծությունները, անհատական աշխատանքները, ռադիոթողարկումները, խնդիրների լուծման ետևից գնալը և այլն։ 

No comments:

Post a Comment