Tuesday, November 12, 2019

Զարդը և Զարդերը


Դիտարկելով ու համեմատելով երկու պատմվածքների գլխավոր օղակներին՝ կանանց, հասկանում ենք, որ երկուսն էլ ապրում են նույն սոցիալական կյանքով, երկուսի ամուսիններն էլ սովորական ծառայողներ են, երկուսն էլ սիրված են իրենց ամուսինների կողմից։ Բայց գլխավոր տարբերությունը, որն ավելին է քան բոլոր նմանությունները, դա նրանց վերաբերմունքն է իրենց կյանքի, իրենց շրջապատի և ցանկացած բանի, որը կապված է նրանց հետ։
«Զարդերը» պատմվածքի հերոսուհին նախանձում ու երազում է ապրել ուրիշ կանանց շքեղ կյանքով, մինչ այդ «Զարդը» պատմվածքի հերոսուհին այնպես հմտորեն է կարողանում կազմակերպել ամեն ինչ, որ նրանց կյանքը իրենց հասարակ եկամուտով դարձնում է շքեղ։ «Զարդը» պատմվածքում հերոսների մեջ ամոթն ու պատիվը, ազնիվ լինելու ձգտումը այնքան մեծ էր, որ համարձակություն չունեցան խոստովանելու, քանի որ կարծում էին, թե սխալ կընկալվեն։ Բայց իրականում իրենք այդ թաքցնելով իսկ ազնիվ չգտնվեցին։ Շատ կարևոր է ամուսինների վերաբերմունքը իրենց կանանց նկատմամբ։ Երկուսից էլ տեսնում ենք մեծ սեր դեպի մյուսը, բայց կանայք անազնիվ են եղել նրանց հետ։ Մեկը մտքով է դավաճանել, մյուսն էլ փաստացի այնպես է դավաճանել, որ անգին նվերներ է ստացել։ Այստեղից հասկանում ենք՝ իրենց եկամուտը չէր միայն, որ կինը կարողանում էր հմտորեն կառավարել, այլ կողքից եղել են ուրիշ միջոցներ։ «Զարդը» պատմվածքում ամուսինները տուժեցին ոչ թե անփութության կամ ազնիվ լինելու ցանկության պատճառով, այլ քանի որ նրանք արեցին այն, ինչը դուրս էր իրենց հնարավորությունների սահմաններից։ Պետք է ոչ թե սեփական պատից բարձր թռչել, այլ աշխատել այնպես, որ վեր բարձրանալիս ներքևում լինի հիմք։ Ու ինչ արդյունք եղավ իրականում․ հերոսուհին տասը տարուց ավել եղավ իր իսկ սեփական կարգավիճակից էլ ցածր վիճակում ընդամենը մեկ գիշեր տևող վայելքի ու հարուստ տիկնանց հետ մրցակցության մեջ մտնելու համար՝ դրանով ոչ միայն փչացնելու իր, այլ նաև ամուսնու կյանքը, որը մի կողմ էր դնում սեփական ցանկությունը՝ օգնելով կնոջը։ Հաճախ լինում են դեպքեր, երբ արժի ապրել մեկ գիշեր հաճույք ու ուրախություն և տարիներ շարունակ կրել տանջանքներ, քան ապրել ամբողջ կյանքը միապաղաղ ու անիրականանալի երազանքների մեջ։ Իսկ հերոսուհու ընկերուհին շարունակեց ապրել ՝ մտածելով, որ իր զարդը կեղծ է, իսկ դա, հավատացեք, ոչ պակաս կարևոր ու կենսական նշանակություն ուներ։ Իսկ «Զարդերը» պատմվածքի հերոսուհին, ընդհակառակը՝ իր մահից հետո բարելավեց ամուսնու կյանքը՝ թողնելով մեծ ժառանգություն։ Թեև ամուսինը որքան էլ կոտրված էր կնոջ դավաճանությունից, միևնույնն է, վերցրեց ժառանգությունը ու ապրեց այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Եվ ի վերջո, մարդիկ տարբեր են, մոտեցումները՝ նույնպես, որոնց շնորհիվ կյանքերն ու պատմությունները, ունենալով նմանատիպ եզրույթ, դառնում են տարբեր։


——————————————————

Վերլուծություն՝ հիմնված Գի դը Մոպասանի երկու ստեղծագործությունների վերաբերյալ՝ «Զարդը» և «Զարդերը»։

No comments:

Post a Comment