Թռչկանին կարոտած ու կարոտս առած՝ ողջույններ։ Այս տարի նույնպես չէի կարող բաց թողնել առիթը՝ գտնվելու Թռչկանի ջրվեժում, ինչպես նաև ճանապարհը այդքան արկածներով ու հետաքրքրությամբ անցկացնելու։
Այս անգամ մասնակիցները մեր նորեկներն էին, ովքեր արդեն վաղուց հարազատ են դարձել։ Սեպտեմբերի 23-ին՝ տողանից հետո, հավաքվեցինք երթուղիների մոտ և շարժվեցինք։ Դուրս գալով Երևանից՝ մտանք Ապարան, այնուհետև՝ Սպիտակ, Շիրակամուտ և Թռչկանի ջրվեժ։ Այդ երթուղում ժամանակն անցավ իհարկե երգելով, խոսելով, մեկ-մեկ էլ պարելով, բայց որ ամենակարևորն է՝ բարձր տրամադրությամբ։ Մեր ճամփորդության ամենահավես, մեկտեղ և ամենդժվար մասերից մեկը՝ բեռնատարով գնալն էր։ Հասնելով Շիրակամուտ՝ նստեցինք բեռնատարը, և ես առաջին երկու րոպեում հասցրի ընկնել, դա եղավ մոտ երկու անգամ, սակայն ոչ մի վնասվածք չստացա։ Երկու ժամ բեռնատարում հետաքրքիր, ծիծաղով և իհարկե սելֆիներ անելուց հետո, հասանք Թռչկան։ Ի դեպ, ջրվեժը 2011 թվականից համարվում է ՀՀ հատուկ պահպանվող տարածք, սակայն այն գտնվում էր վատթար վիճակում. ամենուր աղբ էր։ Մենք չէինք կարող անտարբեր լինել և թողնել ամեն ինչ նույնությամբ։ Փորձեցինք մեր հնարավորությունների չափով մաքրել, այնուհետև հեռանալ։ Այս անգամ ամբողջովին այլ կերպ վայելեցի գեղեցկուհի Թռչկանում անցկացրածս ժամերը։ Ավելի շատ մնացի ջրում, որը ամենևին սառը չէր, այլ հակառակը՝ հաճելի ջերմություն ուներ։ Ինչպես նաև այս անգամ նոր մտքերով նկարներ ստեղծվեցին, բազմացան նաև խմբակային լուսանկարները։ Վայելեցինք, և եկավ արդեն վերադառնալու ժամանակը։ Եվս երկու ժամ արկածներով, արդեն կիսով չափ էներգիաներս սպառած, բայց եռանդուն ու ծիծաղաշատ ետ էինք գալիս մեր բեռնատարով։ Բեռնատարի վարորդն ու իր որդին, ով մեզ ուղեկցում էր, հրավիրեցին իրենց տուն թարմանալու և ուժ հավաքելու։ Մի քանի րոպե հյուրընկալվելուց հետո շարժվեցինք Երևան՝ Բանգլադեշ, որտեղ սկսվում և ավարտվում է ամեն բան։ Դե ինչ, կարծում եմ՝ արդեն պարզ է, թե ինչպես է ընթացել ետդարձի ճանապարհը։ Շնորհակալություն ամեն չնչին ու ամեն մեծ բանի համար։
Ձեզ հետ Լուսինե Ալեքսանյանն էր, կհանդիպենք շուտով՝ նոր ճամփորդություններով ու պատումներով:
No comments:
Post a Comment