Ոչխարների բանակը, որը կառավարում է առյուծը, ավելի ուժեղ է քան առյուծների բանակը, որը կառավարում է ոչխարը։ -Ա.Մ.
Բոլոր ժամանակների ամենաառեղծվածային և զարմանահրաշ զինվորներից մեկը՝ Ալեքսանդր Մակեդոնացին։ Նա իմաստուն և մարդասպան է, նա հոգեկան և հանճար է։ Այդպիսին էր Մակեդոնացին։ Հնարավոր է, որ հենց այդպիսին էր և միևնույն ժամանակ այդպիսին չէր։ Ո՞վ էր նա. հիանալի զինվոր, թե արնախում տիտան։ Նրա արարքները լեգենդար են, բայց իրականում, ի վերջո, իշխանությունից ցնցված Ալեքսանդրը դարձավ իր ամենավտանգավոր թշնամին։
Բաբելոն, Հունիս, մ.թ.ա. 323։ Ալեքսանդրը ծանր հիվանդ էր։ Անցնելով երեսուն երկու հազար կիլոմետր՝ նա հասավ իր ճանապարհի վերջնակետին։ Անհանգստացած դաշնակիցները հավաքվել էին անկողնու շուրջը։ Պատմաբան Պլուտարքը նկարագրում է այդ տեսարանը այսպես՝ «Ոչինչ չէր կարող խանգարել նրան, որ վերջին անգամ հանդիպի իր զինվորներինշ, ընկերներին։ Գրեթե բոլորի սիրտը լցված էր վշտով և արքային կորցնելու մտքով»։ Այդ պահից մի քանի ժամ անց՝ Հին աշխարհի ամենահզոր արքաներից մեկը մահացավ։ Չնայած, որ երկար տարիներ կար տեսությունների մի զանգված, սակայն Ալեքսանդրի մահվան պատճառը մնում է Հին աշխարհի գաղտնիքներից մեկը։ Ժամանակակից բժիշկ-փորձագետները պնդում են, որ պատճառներ կարող էին լինել՝ մալարիան, թոքերի վարակը, լյարդի անբավարարությունը կամ տենդը։ Այնուամենայնիվ ոչ ոք համոզված ոչինչ ասել չի կարող։
Հունաստանի ոսկե դարը վաղուց անցյալում էր, հիմա կայսրությունը մի անօգնական խումբ էր՝ տապալված և առանձնացված քաղաք-պետությունների։ Սա շատ հեշտ որս էր Ֆիլիպի՝ Ալեքսանդրի հոր համար։ Ալեքսանդրը Ֆիլիպի մոտ էր սովորում ռազմական արհեստը և կառավարելու արվեստը, բայցևայնպես նրա վրա ուժեղ ազդեցություն ուներ մայրը՝ Օլիմպիան։ Մորից նա ժառանգել է իր զգացմունքային բնավորությունը։ Օլիմպիան տարբեր ազգերի պաշտամունքների երկրպագուն էր, այդ թվում՝ Դիոնիսի պաշտամունքը, գինու Աստծու և կրքի։ Նա շատ խելացի էր և քաղաքականության մեջ ճարպիկ։ Անխոս նա իր որդուն՝ Ալեքսանդրին, անչափ սիրում էր։ Օլիմպիան լուրեր էր տարածում, թե նա հղիացել է Զևսից՝ աստվածների արքայից, որը նրան է հայտնվել օձի կերպարով, որի պատճառով ամբողջ կյանքում Ալեքսանդրին ուղեկցում էր այն միտքը, որ նա ավելին է, քան հասարակ մահկանացուն։ Ասում են նաև՝ Մակեդոնացին, թունավորված գինի խմելով եւ զգալով, որ մահը մոտ է, նամակ է գրում մորը և խնդրում առատ սեղան բացել ու կերակրել բոլոր նրանց, ում ազգականներից ոչ մեկ չի մահացել: Նա այդ բանն անում է, որպեսզի մայրը համոզվի, որ աշխարհում բոլորն էլ մահկանացու են, և անմահ մարդ գոյություն չունի, ապա քիչ սգա և շուտ սփոփվի:
Բացի հորից ու մորից նրա վրա մեծ ազդեցություն ևս ուներ իր ուսուցիչը՝ հայտնի հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա Ալեքսանդրին ծանոթացրեց հունական մշակույթի հրաշքներին, հատկապես առասպելներին, որի միջոցով նրա ամենամեծ կուռքը դարձավ Հերակլեսը։ Իր երկրպագությունը դեպի ամենահայտնի հունական դիցաբանության հերոսին այնքան խորն էր, որ Ալեքսանդրը իրեն անվանում էր Զևսի որդի (ինչպես՝ Հերակլես) և միշտ հպարտանում էր, որ Հերակլեսի հետնորդն էր։ Նա կարծում էր, որ այն ինչ կարող էր անել Հերակլեսը, նա՝ ինքը Ալեքսանդրը, ավելի լավ կարող էր անել։
Ալեքսանդրը հեռացավ հարազատ տնից, որպեսզի երեք տարի սովորի Արիստոտելի մոտ: Արիստոտելն Ալեքսանդր Մակեդոնացուն այսպես էր խրատում. «Զգույշ վարվիր քո մարտիկների հետ, որպեսզի նրանք քո մասին վատ բան չմտածեն: Չէ՞ որ երբ մեկի մասին վատ ես մտածում, հեշտ է նաև նրա մասին վատ բան ասել, իսկ հետո էլ վատ ձևով վարվել նրա հետ:» Բացի Արիստոտելից, Ալեքսանդրը կապ էր պահում նաև այդ ժամանակաշրջանի հայտնի ուրիշ փիլիսոփաների հետ։ Ըստ լուրերի՝ մի օր քաղաքի հրապարակում նա մոտեցավ Դիոգենեսին և հարց տվեց.
- Կարո՞ղ եմ ինչ-որ բան անել ձեզ համար։
- Այո,-պատասխանեց Դիոգենեսը,- մի կողմ անցիր։ Դու ծածկում ես իմ արևը։
Ալեքսանդրը ապշած էր մեծ ճգնավորի պատասխանից։
«Ես պարտավոր եմ հորս, որ նա ինձ կյանք տվեց, և ուսուցիչներիս, որոնք ինձ սովորեցրին արժանավայել ապրել» - Ա. Մակեդոնացի։
Երբ տասնվեցամյա Ալեքսանդրը վերադարձավ, իր հաջորդ կուռքը հայրն էր։ Արքա Ֆիլիպը կնության առավ ուրիշ կնոջ և ավելի վատ՝ ունեցավ ևս մի որդի, որը կարող էր դառնալ մրցակից Ալեքսանդրի համար՝ գահը ժառանգելու հարցում։ Այդ ամենը Ալեքսանդրի մեջ սերմանեց չարություն և վիրավորանք։ Նաև լարված իրավիճակ ստեղծեց հոր և որդու մեջ, այնքան խորը լարվածություն, որ Ալեքսանդրին վտարեցին Մակեդոնիայից։ Սակայն, վերջ ի վերջո, նրանք հաշտվեցին, բայց այդ երկար չտևեց։ Մ.թ.ա. 336թ-ին Ֆիլիպը և արքայական ընտանիքի անդամները հավաքվեցին մի առիթ նշելու։ Ֆիլիպը մուտքի մոտ կանգ է առնում, որպեսզի ողջունի ամբոխին։ Հանկարծ նրան մոտենում է մի մարդ՝ դանակով մահացու հարվածելով։ Համարվում է, որ դա նրա համհարզն էր։ Ֆիլիպը մահացավ անմիջապես։ Հարձակվողին տեղում սպանել են՝ թույլ չտալով խոսել և պարզել, արդյո՞ք նա միայնակ է գործել, թե նրա հետ էլի մեղավոր մարդիկ են եղել։ Մի քանի պատմաբաններ կարծում են, որ սպանությունը կարող էր կազմակերպել Ալեքսանդրի մայրը՝ Օլիմպիան, քանի որ նա անտեսված էր և փոխարինված ավելի երիտասարդ կնոջով։ Թեպետ եթե մտածենք, Ֆիլիպի մահը Ալեքսանդրին ավելի ձեռնտու էր. Ֆիլիպը իր մահվանից առաջ ուներ շատ պլաններ, իսկ Ալեքսանդրին այդ պլանների մեջ չէր ներգրավել։ Ըստ այդ պլանի՝ Ալեքսանդրը պետք է մնար տանը և հետևեր քաղաքին, բայց Ալեքսանդրը հասկանում էր, որ այդ ժամանակ նրան չէր հասնի այն փառքը, որը կգար այդ մաշտաբային քայլերից հետո։ Իսկ այդպիսի փառքի և հեղինակության նա ձգտում էր ամենից շատ։ Քսանամյա Ալեքսանդրին հռչակեցին արքա։ Նրանից պահանջվեց ընդամենը տարի, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը։ Բայց Ալեքսանդրի համար Մակեդոնիան շատ քիչ էր. նա ձգտում էր ավելիին։ Ալեքսանդրը հիմնադրել է ավելի քան յոթանասուն քաղաք, որոնցից առնվազն քսանը անվանել է իր պատվին (Եգիպտոսում ամենահայտնին Ալեքսանդրիան է)։ Բացի այդ, Ալեքսանդրը Հիդասպա (այն այսօր հայտնի է, ինչպես Ջեյլամ) գետի մոտակայքում հիմնադրել է մի քաղաք, որն անվանել է ի պատիվ իր սիրելի ձիու՝ Բուցեֆալի, իսկ ձին մահացու վիրավորված է եղել կռվի ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է նրա ռազմավարությանն, ապա ցայսօր Ալեքսանդր Մակեդոնացու մարտավարությունն ու ռազմավարությունն ուսումնասիրվում են ռազմական ակադեմիաներում։ Սկսած իր՝ 18 տարեկան հասակում կրած առաջին հաղթանակից մինչև իր մահը (երեսուներեք տարեկանում)՝ մեծ հրամանատարը չի տարել ոչ մի պարտություն։
Երբ Ալեքսանդր Մակեդոնացին պատրաստվում էր արշավել ամազոնուհիների վրա, այսպես մտածեց. «Եթե ես հաղթեմ, իմ փառքը դրանից չի մեծանա, իսկ եթե նրանք ինձ հաղթեն, դա սարսափելի խայտառակություն կլինի: Կասեն՝ կանայք հաղթեցին Ալեքսանդր Մեծին»։ Նա չեղյալ հայտարարեց այդ արշավանքը:
Քչերը գիտեն, թե ինչ ընդհանրություններ են ունեցել Ալեքսանդրը, Չինգիսխանը և Նապոլեոնը։ Առաջին միտքը, որ գալիս է, դա՝ «համաշխարհային տիրապետության գլուխները», բայց իրականում, նրանք երեքն էլ տառապել են ախուրոֆոբիայով՝ վախ կատուների հանդեպ։
«Ես իմ մահից հետո կցանկանայի վերադառնալ, որպեսզի տեսնեի, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իմ արարքներին»,- ասում էր Ալեքսանդր Մակեդոնացին։
Աղբյուրների տեղեկությունները անգլերենից հայերեն և ռուսերենից հայերեն թարգմանությունը՝ Լուսինե Ալեքսանյանի:
No comments:
Post a Comment