Friday, February 16, 2018

Զարմանալ նշանակում է խոստովանել


Զարմանալ՝ նշանակում է խոստովանել, որ ինչ-որ բան չես հասկանում, չգիտես։ Իսկ խոստովանել՝ նշանակում է փնտրել հարցի պատասխանը, նշանակում է՝ մտածել։ Այսպես մենք ապրում ենք մեր ողջ կյանքը՝ փնտրելով և մտածելով։ Բնապահպանական փնտրտուքներով, ինչպես նաև ժամանակը զվարճալի և հիշարժան, բայցևայնպես ուսումնական անցկացնելու նպատակներով այցելել էինք մեր մշակութային Գյումրի և Աշոցք՝ դահուկասահքի։

Առաջին անգամ էի Աշոցքում, առաջին անգամ էի դահուկով սահելու և առաջին անգամ էի կրթահամալիրի մեր սովորողների մի խմբի հետ գիշերելու օտար վայրում, առանց ծնողների՝ տնից հեռու։ Դահուկասահքին անդրադառնալով՝ չեմ կարող չնշել և ճիշտը չասել, որ մեզ՝ աղջիկներիս մոտ սահելն այնքան էլ հաջողված չէր, բայց իսկ արդեն մեր տղաները առաջին մի քանի րոպեից հետո հմտացել էին։ Ինձ սահել խանգարում էր միայն բազուկներիս ուժի քչությունը. հասկանալով, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվում՝ որոշեցինք սառցե բլուրի վրայով ներքև սահել։ Այն ավելի դյուրին էր և զվարճալի։ Սահում էինք կամ միայնակ, կամ երկու հոգով, կամ էլ եռյակով։ Եղանակը մեր կողմից էր. անչափ ջերմ, տաք և վառ արև էր։ Մեր էներգիան արդեն սպառվել էր, պետք էին մեզ նոր ուժեր, այդիսկ պատճառով վերադարձանք մեր տուն (հենց Գյումրիում, որը վարձել էինք ընդամենը 1 օրով), որ գտնվում էր հենց Գյումրու կենտրոնում և ուներ շատ գեղեցիկ տեսարան պատուհանից դուրս։ Ուտելիքը պատրաստեցինք խմբով՝ Միքայել Կամենդատյանի գլխավորությամբ։ Միքայելի սիրելի ուտեստն էր, իսկ իմ՝ ամենաչսիրած, բայց ընդառաջ գնացի թե իրեն, թե մյուսներին։ Իհարկե ունեինք ընտրության հնարավորություն. բացի այդ պատրաստել էինք ևս մի քանի ուտեստներ։ Այսպիսի ճամփորդության դրական կողմերից է, որ մենք ենք եփում-թափում,մաքրում,հավաքում:

Բնակարանում նստելն անհնար էր. չէինք կարող բաց թողնել հնարավորությունը քայլել Գյումրու փողոցներով։Միքայելի և ընկեր Մարթայի հետ արդեն երկրորդ անգամ էինք Գյումրիում,և դեռ առաջին անգամ հասցրել էինք ընկերանալ մեր գյումրեցի ավագ ընկերոջ հետ, ով էլ մեր խմբին հրավիրել էր իր սրճարան՝ երեկոն ավելի հետաքրքիր  և հաճելի միջավայրում անցկացնելու։ Երեկոյան փողոցներն երկար ուսումնասիրելուց հետո հյուրընկալվեցինք նրա՝ մեր ավագ ընկերոջ «ԴարՎինո» սրճարան։ Ի դեպ միջավայրն ու սրահն ինձ հիշեցրին մեր Գեղարվեստի հարթակը։ Լավ ժամանակ անցկացնելուց հետո վերադարձանք տուն՝ մի քիչ էլ այնտեղ ուրախանալու և շփվելու։ Այստեղ սեղանի տարբեր խաղեր խաղացին, նվագեցինք: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք ես և Արամ Հայթյանը (10-րդ դասարանի սովորող) միմյանցից վերցնում հարցազրույց։ Այսպիսի փոքրիկ, բայց միշտ հիշվող և ժպիտ պարգևող երևույթներն են մնալու մեր միակ հուշերը ճամփորդություններից, արշավներից։ Երգ ու պարն այդ օրը նույնպես անպակաս էին մեզնից։ Արդեն շատ ուշ էր, և մենք հաջորդ օրն ունեինք ֆիլմի դիտում-քննարկում Բեռլին Արտ հյուրանոցում. ստիպված էինք քնել։ Իհարկե գիշերն էլ իր հերթին անցավ զվարճալի, բայց, ի վերջո, քնեցինք։ Առավոտյան արթնանալով՝ նախաճաշեցինք և ցտեսություն ասացինք հարազատ դարձած տանը։ Մասնակցեցինք պատարագի և շարունակեցինք զբոսնել Գյումրու փողոցներով՝ քննարկելով շինությունները, հիշելով Գյումրու մեծերին և պարզապես ժպտալով։
Կինո դիտման-քննարկման ժամն արդեն մոտենում էր։ Այն դիտեցինք Գյումրու «Հրայրք» ավանդական երգի-պարի խմբի երիտասարդների, դպրոցականների հետ և ունեցանք արդյունավետ քննարկում։ Խորհուրդ եմ տալիս դիտել այդ՝ «Ամուլսար. Պետության բնանտարբերությունը» ֆիլմը, քանի որ ինչպես մեր ընկերները ասացին՝ «Մեր աչքերը բացվեցին»։ Իրոք, չպետք է անտարբեր լինել նման խնդրի վերաբերյալ։ Հանք շահագործող ընկերությունը գնելով որոշ տներ, մարդկանց, նույնիսկ անվճար վերցնելով տարծքներ՝ շարունակում է իր նախագիծը և մարդիկ՝ չհասկանալով, ուրախանալով աշխատատեղերի շատացմանը, չեն գիտակցում, որ այդպես նրանք վնասում են իրենց առողջությանը և շրջակա միջավայրին, որի պատճառով մարդ կարող է ունենալ դանդաղ մահ՝ թափվելով մազեր, ատամներ և այլն։ Սակայն ֆիլմը ոչ թե շահագործող ընկերության, ոչ թե շահագրգիռ մարդկանց մասին է, այլ նպատակ ունի բացահայտելու, թե ինչպես կարող ենք վերահսկել մեր ընդերքի շահագործումը։ Նախորդ՝ Թեղուտի խնդրին լուծում չտալու և չպայքարելու պատճառով վերացավ Շնող գետը։ Ցավալի է իհարկե, ամեն ինչ հիմա տանում է նրան, որ մարդիկ թողնեն և հեռանան։ Սակայն պետք է իրազեկված լինել։
Չեմ ուզում պատումս ավարտել տխուր տողերով։ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ, չէ՞ որ մեր սերունդը տարբերվում է բոլոր մյուս սերունդներից, մենք ունենք այն հնարավորությունները, որոնք չունեին նախորդները։ Շատ բաներ կան, որոնք մեզ առանձնահատուկ են դարձնում, պարզապես մեր խնդիրը այն է, որ չգիտենք, կամ էլ գիտենք, բայց չենք կարողանում օգտագործել մեզ ընձեռված հնարավորությունները։ Միևնույնն է, դա էլ կհաղթահարենք և կստեղծենք ավելի լավ միջավայր, ավելի լավ երկիր թե՛ մեզ և թե՛ մեր ապագա սերունդների համար։
Ինչպես ասում էր Թալեսը՝ «Ոչնչից ոչինչ ստեղծվել չի կարող»։ Մենք կստեղծենք այն, որով կկարողանաք ստեղծել ավելին։ Դրա համար մենք շատ սովորում ենք, ճամփորդում ենք և հետազատում-ուսումնասիրում ենք։
Այս պատումը և բոլոր լուսանկարները չեն թողնի, որ մեր անցկացրած երկու հիշարժան օրերը մոռացվեն։

Ֆոտոշարքեր՝ -1- ...-2-...
Այլ հղումներ՝ -1-... -2-... 















No comments:

Post a Comment