Մեկ շնչով կարդացվող այս նովելն իր մեջ պարունակում է շատ տարբեր մարդկային հատկություններ։ Նովելը կարդացի հայերեն, թեպետ այնքան էլ հաջողված թարգմանություն չէր։ Եվ եթե չնայենք հերոսների սխալ քայլերին, այլ նայենք միանգամայն այլ տեսանկյունից, ապա նովելն անսահման գեղեցիկ և կլանող էր։ Երբ անհագ կերպով կարդում ես, որ տեսնես՝ «Լավ, իսկ վերջն ի՞նչ եղավ։ Հետո՞, հետո՞, հետո՞»։
Հերոսուհու՝ Ֆրեյլեյնի գերագույն սխալը համարում եմ այն, որ աստվածացրել է այդ տղամարդուն և զոհել ամենը հանուն նրա։ Սիրո համար պետք է անել ամեն ինչ, սիրո համար զոհոհություն հասկացություն չկա, սակայն այս դեպքը չեմ համարում արժանի։ Քանի որ, եթե սերը փոխադարձ չէ, երբ սիրածդ էակը չի ճանաչում քեզ, երբ անցնում է կողքովդ և չի նկատում, դա սեր չի ծնում, դա ծնում է հետաքրքրություն այն բանի հանդեպ, որին դու չես հետաքրքրում։ Պատմությունը ինքնին շատ գեղեցիկ է, խորն է և մտածելու առիթ շատ է տալիս։ Աղջիկը պարզապես ներշնչել էր ինքն իրեն և կողպել սիրտը։ Նա ուզում էր դա. նա գտավ մեկին և դարձրեց այն կյանքի իմաստ (ինչպես մենք ենք ինչ-որ առարկա վերցնում և դարձնում մեր անձի խորհրդանիշ)։ Կարծում եմ, որ հենց եսասիրության պատճառով կորցրեց իր զավակին, ում ամենից շատն էր սիրում։ Նա եսասեր չէր երիտասարդի հանդեպ, այլ եսասեր էր ինքն իր հանդեպ, որ չկարողացավ զսպել իրեն և կործանեց հետագա կյանքը՝ վերջին անգամ տրվելով երիտասարդին, այն էլ միևնույն է չհիշվեց այդպես էլ նրա կողմից։ Ամեն դեպքում երեխան մեղք չուներ մոր բարդույթների մեջ։ Այստեղ նաև երեխան չէր, այստեղ կային շատ ուրիշներ, ովքեր անկեղծ սիրում էին Ֆրեյլեյին։ Մենք բոլորս ձգտում ու տենչում ենք բոլոր նրանց, ում չենք հետաքրքրում, ովքեր մեզ չեն սիրում, հենց այդտեղ է կայանում մեր սխալը։ Ինչու՞ չմոռանալ մեզ անտեսողներին և ամենը տածել նրանց հանդեպ, ովքեր իրոք արժանի են մեր վերաբերմունքին։ Հասկացանք, որ նա մտածում էր, թե ինքն իրեն երջանիկ չի զգա ուրիշի կողիքն, բայց ի՞նչ գիտեր, որ հենց այդ երիտասարդ կողքին երջանիկ կլիներ, չէ՞ որ երբևէ չի ապրել նրա հետ։ Եվ նորից պնդում եմ, որ ամբողջ խնդիրը, սխալը կայանում է ներշնչման մեջ. նա ներշնչվել էր մանկուց։ Շատ խորհրդանշական և ռոմանտիկ էր տոն դարձնել ծննդյան օրը և ամեն տարի այդ օրը սպիտակ վարդեր ուղարկել երիտասարդին։ Ծիծաղելի է նույնիսկ, որ կինը ամեն կերպ փորձում էր հասկացնել նրան, մտածել տալ այդ վարդերի մասին։ Ինչպես նաև չեմ կարող չշեշտել, որ ճիշտ քայլ էր կնոջ կողմից նամակը ուղարկել այն ժամանակ, երբ արդեն մահացած կլիներ։ Թեպետ, իհարկե, եթե նայենք ուրիշ տեսանկյունից, ապա նա, ինքնասպան չլինելով, կգտներ վերջապես երջանկությունը իր «սիրելիի» հետ։ Սակայն նրան կտանջեին հիշողությունները երեխայի մասին, և պատկերացրեք, թե ինչ վիճակում կհայտնվեր երիտասարդը՝ ապրելով կնոջ հետ, ով երեխա էր ունեցել նրանից, ոչինչ չէր ասել և հայտնվել էր միայն այն ժամանակ, երբ երեխան արդեն չկար։ Այնուամենայնիվ, կինը բարձր էր բոլորից և ամենից։ Իրականում իրավիճակը ավելի քան բարդ է, խորը և ցավալի։ Միևնույն է, նովելը համարում եմ ստացված, որովհետև հնարավոր է՝ շատ կան նման պատմություններ, սակայն սա եզակի է իր բնույթով։
Անխոս խորհուրդ եմ տալիս կարդալ, վայելել, մտորել։
- «Չեմ մեղադրում քեզ, սիրում եմ քեզ այնպես, ինչպես կաս՝ դյուրաբորբոք ու մոռացկոտ, հրապուրվող ու անհավատարիմ»։
_____________________________________________
_____________________________________________
Ստեֆան Ցվայգ - Անծանոթ կնոջ նամակը - Լուսինե Ալեքսանյան
No comments:
Post a Comment