Այսօր՝ հունիսի 3-ին, մասնակցեցինք «Փնտրելով հայ-վրացական արդյունավետ ռազմավարություններ» խորագրով կլոր-սեղան քննարկմանը։ Ծրագիրը իրականացվում է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի, Վրաստանի մարդաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կովկասյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի ընթացիկ փուլում ուսանողները նախապատրաստել են կլոր-սեղան քննարկումներ, հանդիպումներ,հետազոտություններ՝ Երևանում և Թբիլիսիում։
Այսօրվա քննարկմանը ներկա էին ծրագրի մասնակից ուսանողները, Կովկասյան համագրոծակցության կազմակերպության ղեկավար Հովհաննես Մանուկյանը, Հենրիխ Բյոլ հիմնադրամի կովկասյան գրասենյակի ղեկավար Մալխաս Սալդաձեն, ազգագրագետ՝ Հրանուշ Խառատյանը, վրացական համալսարանի դասախոսներ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հրավիրված էր կլոր-սեղանին՝ ներկայացնելու իր փորձը «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով։ Մենք ներկայացրեցինք կրթահամալիրում ուսացանվող վրացերեն լեզվով նախագծերը, հայ-վրացական համատեղ նախագծերը՝ Երևանում, Թբիլիսիում, համագործակցությունները ինչպես վրացական դպրոցների, կազմակերպությունների հետ, այնպես էլ Հայաստանում Վրաստանի դեսպանության հետ։ Ներկաները զարմացած և միևնույն ժամանակ ուրախ էին, որ Հայաստանում՝ Երևանում, կա մի կրթահամալիր, որտեղ վրացերենի ուսուցումը ներկայացվում է այդ մակարդակով։ Պարոն Մանուկյանը նշեց, որ կրթահամալիրը ոչ միայն կրթական, այլ նաև սոցիալական ու քաղաքական կարևոր գործունեություն է ծավալում այս ոլորտում։ Ծրագրի համակարգող Դավիթ Հովհաննիսյանը հաճույքով կիսվեց կրթահամալիրի բաց միջավայրի, ուսուցման, ճամբարների,ճամփորդությունների իր՝ որպես երկու սեբաստացիների պապիկի տպավորություններով։
Հանդիպումն ամփոփվեց կոնտակտային տվյալների փոխանակումով, հետագայում նոր համագործակցություններ սկսելու ակնկալիքով։
No comments:
Post a Comment