Wednesday, July 5, 2017

Մշակութային քաղաք Գյումրիում

Ամառվա երկրորդ ամսվա առաջին օրերն են դեռ, բայց արդեն այնքան լեցուն են ու բազմագույն,որ ուզում եմ անպայման պատմել։ «Հրանտ Դինք» հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում կոնֆերանս,որի հրավիրյալների ցանկում էինք նաև մենք։
Կոնֆերանսը տեղի էր ունենալու Գյումրու Երիտասարդական զարգացման կենտրոնում։ Առավոտյան Բելգիացիների հետ համատեղ աշխատանքից, շփումից հետո շարժվեցինք Գյումրի ՝ մասնակցելու կոնֆերանսին։ Գյումրի տանող ճանապարհն անցավ շատ հետաքրքիր. պատմություններ պատմելով, կատակներ անելով, տպավորություններով կիսվելով, բայց միևնույն ժամանակ դժգոհությամբ ու ափսոսանքով։ Տասնյակ կիլոմետրեր ձգվող ճանապարհը ամայի էր, անջրդի, անապատ՝ առանց ավազի, օազիսի։ Այդ ժամանակ մտածում էի՝ արդյոք մենք իրավունք ունենք այդպիսի «շռայլություն» մեզ թույլ տալ ու հողը մատնել անտերության,կարծում եմ՝ ոչ։ Ինչևէ, չշեղվելով թեմայից՝ շարունակեմ։ Նշանակված ժամից րոպեներ շուտ, մենք արդեն տեղում էինք։ Գրանցվելուց հետո զբաղեցրինք մեր տեղերը և սկսեց կոնֆերանսը։ Քանի որ մեր կրթահամալիրի ուսուցիչները մեկնել էին Ստամբուլ՝ «Հրանտ Դինք» ճանապարհորդական դրամաշնորհային ծրագրով, նրանք էլ խոսեցին, ներկայացրին իրենց իրականացրած նախագիծը, կրթահամալիրում իրականացվող կրթական փոխանակումները և ներկայացրին առաջարկ համատեղ նախագծերով հանդես գալու։ Լսվեցին հարցեր, իհարկե մենք նույնպես ունեինք մեր հարցերը և առաջարկները։ Առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց։ Փոխանակվեցինք տվյալներով և ասացինք՝մինչ նոր հանդիպում կրթահամալիրում։ Այդպիսով մեր այցելությունը մշակութային Գյումրիում չավարտվեց։ Մեզ միացավ ծնունդով գյումրեցի մի շատ հաճելի երիտասարդ,ով դարձավ մեր ուղեցողը քաղաքում։Շրջեցինք Գյումրու հրապարակի փողոցներով, մտանք «Յոթ վերք» եկեղեցին, այնուհետև մի փոքր դադար տվեցինք և թեյասրճեցինք։ Ապա մեր նոր ընկերը կազմակերպեց շատ տպավորիչ շրջագայություն դեպի «Սև ամրոց»։ Բերդը կառուցվել է 1834 թվականին։ Անիիստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է:Հենց դարպասներից սկսած տպավորվել էինք իր խորհրդավորությամբ։ Բերդը վերանորոգումից հետո վերածվել է համերգային համալիրի։ Իսկական հռոմեական կոլիզեյ։ Շրջելով ամբողջ ամրոցով մեկ՝ մի միտք ծագեց՝այստեղ սեբաստացիները դեռ ելույթ չեն ունեցել։ Բեմը և բեմի շուրջը շատ հարմար և գեղեցիկ վայր է Սեբաստացիական համերգ անցկացնելու համար, ավելին՝ Կրթական շքերթի համար։ Տպավորված,հիացած հրաժեշտ տվեցինք մեր գյումերցի ընկերոջը և շարժվեցինք Երևան։ Այնքան ուրախ եմ, որ հենց նա եղավ մեր ուղեկցորղը, նա մեծ սիրով պատմում էր իր քաղաքից՝ չթաքցնելով դրականն ու բացասականը։ Արկածներով, ուրախությամբ, նոր ու զանազան գիտելիքներով, տպավորված ու բազում մտահաղացումներով վերադարձանք Երևան։ Հավես ճամփորդություն էր։





No comments:

Post a Comment