Monday, April 9, 2018

Ներկայիս Կատալոնիան

Երբ դուք նայում եք հեռուստացույց կամ կարդում եք լուրեր-նորություններ Կատալոնիայում կատարվող իրադարձությունների մասին, կամ նույնիսկ գաղափար չունեք և միայն լսել եք կատալոնացիների ցույցերի, ընդվզման մասին, ապա բնական է, որ կարծեք՝ իսպանացիները ելել են իսպանացիների դեմ։ Այս ամենը հասկանալու համար պետք է անհապաղ իմանալ, կարդալ Կատալոնիայի պատմությունը, և միայն դրանից հետո կհասկանաք և կունենաք ձեր սեփական կարծիքն ու տեսակետը։
Իրականում Կատալոնիայի անկախացման թեման շատ լուրջ է։ Եվ քանի որ ես այնտեղի բնակիչ-քաղաքացի չեմ, բայցևայնպես անցկացրել եմ յոթ օր, հասցրել եմ զրուցել կատալոնացիների՝ Բարսելոնա քաղաքի բնակիչների հետ, խոսել եմ՝ ինչ են մտածում նրանք ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչու է այս ամենը կատարվում, և ինչպիսի հետևանքներ կլինեն։ Սակայն որտեղի՞ց է այս ամենը սկիզբ առնում։ Ինչու՞ են կատալոնացիներն այդպես ոգևորված ընդվզում։

Հիշեք այս ամսաթիվը՝ Սեպտեմբերի 11, 1714թ։ Որպեսզի դուք հասկանաք, ասեմ` այս ամսաթիվն այնքան կարևոր է, որ Բարսելոնա ֆուտբոլային ակումբի ամեն մրցման ժամանակ գրեթե ամբողջ մարզադաշտը գոչում է «անկախություն» բառը։ Բայց եթե շատ չմանրանանք, ապա մինչև 11.09.1714թ-ը ամեն ինչ ընթանում էր իր բնականոն հունով։ Կարելի է ասել, որ Կատալոնիան ինքն իրենով էր և չէր մտնում Իսպանիայի կազմի մեջ, սակայն այդ ընթացքում եղավ կռիվ, և 1714թ-ի սեպտեմբերի 11-ին Բարսելոնա քաղաքը գրավվեց, իսկ հետո Կատալոնիան բռնի կերպով մտավ Իսպանիայի կազմ։ Եվ այդ պահից ի վեր կատալոնացիներից խլեցին իրենց ամբողջ ինքնավարությունը, և սկսեցին կառավարվել Մադրիդի միջոցով։ Կատալոնացիները ունեին ոչ միայն իրենց մշակույթը, այլև ավանդույթները, կատալոնական լեզուն, որը միանգամից արգելեցին գործածել. թույլ էր տրվում խոսել միայն իսպաներեն։ Փակվեցին կատալոնական համալսարանները, և սկսեցին ամբողջովին իսպանեցնել Կատալոնիան՝ վերացնելով ավանդույթներն ու սովորույթները։

Այդ ամենն ընթանում էր բավականին երկար, իսկ ապա հայտնի դիկտատոր Ֆրանկոյի գալուց սկսած (1939-1975) կատալոնացիները վայրենաբար հալածվեցին, ճնշվեցին, պատժվեցին։ Զրուցակիցներիցս մի քանիսը պատմում էին՝ երբ նկատում էին, որ իրենք իրենց մեջ խոսում են կատալոներեն, ապա նրանց վրա միանգամից բղավում էին և ասում՝ «Շների լեզվով խոսելն արգելվում է»։ 
Այսպիսով Ֆրանկոն մահանում է, և Իսպանիան կտրուկ սկսում է ստեղծել դեմոկրատիա, և մոտավորապես երկուսից երեք տարուց լույս է տեսնում Իսպանիայի Սահմանադրությունը։ Սակայն դրանում կա մի նյուանս։ Կետը, որը ապահովում էր Կատալոնիայի առանձնահատուկ կարգավիճակը, չկար։ Կոպիտ ասած՝ նրանք ցանկանում էին ստեղծել մի նոր երկիր և այդպիսի բարդ հարցերի քննարկման ժամանակ պարզապես չունեին։ Կատալոնիան միանգամից ստանում է ինքնավարության իրավունք, կատալոներենը պաշտոնապես ընդունվում է, սակայն շատ դետալներ և նյուանսներ մնում են օդում՝ որպես հարց։ Եվ հենց այդ հարցերն են, որ հիմա անհանգստացնում են տեղի բնակիչներին։ Բանը նրանում է՝ սկսած այն պահից, երբ հայտնվեց Սահմանադրությունը, մինչև այսօր Կատալոնիան փորձում է հասնել իր համար հարմար լավագույն պայմաններին։
Այժմ կատալոնացիները պատրաստել են տարատեսակ նախագծեր, որոնք ներկայացնում են Մադրիդին, իսկ վերջինս նայում, թերթում և մերժում է։ Թեև կատալոնացիները նոր և շտկված ծրագրեր են առաջարկում, բայց կրկին ստանում են նույն բացասական պատասխանը։ Այսինքն Կատալոնիան և Մադրիդը չեն կարողանում ստեղծել քաղաքական երկխոսություն։ Չնայած, որ  գործնականորեն Կատալոնիայի ցանկացած առաջարկ Մադրիդը կտրականապես մերժում է։ 

Կատալոնիան, ինչպես և բոլոր մարզերը, վճարում են հարկեր, որոնք էլ բնականաբար անցնում են Մադրիդին։ Կատալոնիան րոպեում վաստակում է 20%-ի չափով Իսպանիայի ՀՆԱ-ն։ Դա հսկա թիվ է կազմում։ Այսպիսով ստացվում է, որ Կատալոնիան ոչ միայն սնում է Մադրիդին, այլ նաև այլ մարզերին։ Դա նույնն է, ինչ երեք հոգի գնան ռեստորան և միանգամից վճարեն հաշիվը։ Մեկը վճարի կրկնակի, իսկ մյուս երկուսը՝ ոչ։ Ահա ուտելիքը բերեցին և բոլորը սկսեցին ուտել հավասար չափով, սակայն նա, ով վճարել էր երկակի, ասում է. «Ընկերներ, ես վճարել եմ կրկնակի և ուզում եմ ուտել դրան համարժեք, քանի որ ես շատ եմ աշխատում, և ինձ հարկավոր է շատ ուտել»։ Թվում է՝ ամեն ինչ տրամաբանական և արդար է, այնպես չէ՞։ Բայց մյուս երկուսը հասկանում են, որ եթե նրանք համաձայնվեն, ապա իրենց ուտելիքը կպակասի։ Այդ պատճառով նրանք ընտրում են, որ ամենը մնա այնպես, ինչպես որ է։ 
Սա ամենանուրբ օրինակն էր՝ նկարագրելու, թե ինչ է կատարվում հիմա Իսպանիայում, և ինչու են կատալոնացիներն այդպես ընդվզում և ապստամբում։

Այսպիսով տվյալ պահին կան շատ դժգոհ կատալոնացիներ, ովքեր ուզում են փոփոխություններ, բայց այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք նրանց լուրջ չի վերաբերվում։ Հենց այդ պատճառով տեղի են ունենում շատ լուրջ իրադարձություններ։
(Լուսանկարում կատալոնացի իմ ամենամոտ ընկերն է)


Շրջելով քաղաքի փողոցներում՝ չնկատել չէի կարող, որ շենքերի գրեթե բոլոր պատուհաններին ամրացված է Կատալոնիայի դրոշը։ Նույնիսկ իրենց մշակույթը մեզ ներկայացնելիս կատալոնացիները միշտ շեշտում են՝ «ոչ թե Իսպանիա, իսպանական, այլ՝ Կատալոնիա, կատալոնական»։ Այն կատալոնացիները, ովքեր քիչ, թե շատ ծանոթ են Արցախյան հարցին, շատ հաճախ համեմատում և նմանեցնում են  Կատալոնական հարցն ու Արցախյան հարցը։ Պատմելով իրենց այդ խնդիրների մասին՝ նշում են՝ «Մենք Ձեզ շատ լավ հասկանում ենք, քանի որ նույնն էլ մեզ մոտ է»։ Կատալոնացիների այս կարծիքները իրար հակասում են։ Մեկն ասում է՝ նույնն է ինչ Արցախինը, մյուսն էլ այդ մասին ոչինչ չի ասում, բայց համեմատություններ տանելով՝ հասկանալի է, որ իրար ամենևին նման չեն. Բարսելոնա՝ ամենաշատ տուրիստներով քաղաքը, զարգացած ամեն ինչում, և ահա Արցախը՝ տուրիստների քանակով անհամեմատաբար զիջող, զարգացվածության աստիճանը՝ Բարսելոնայի համեմատ նվազ։ 
Երկու տարբեր տարածաշրջաններ։ 

Կատալոնիայի սիմվոլների միջոցով կարելի է ստեղծել կատալոնացիների դիմանկարը, ինչպես նաև սիրահարվել այդ երկրին։ 
Ճարտարապետությունը, գեղանկարչությունը, գիտությունը, բնությունը, պատմությունը, սպորտը .... Այս բոլոր սիմվոլները հայտնի են աշխարհին՝ Կատալոնիայի սահմաններից դուրս։ 
Յունեսկօն որոշել է առանձնացնել դրանցից մի քանիսը՝ ընտրելով նրանք, որոնք մարդկությունը պետք է պահպանի նշանակելիության համար։ 
Չնայած, որ ես Բարսելոնան ասոցացնում եմ Անտոնիո Գաուդիի հետ, միևնույնն է կան շատ այլ ճարտարապետներ, ովքեր ևս հզոր են իրենց տեսակով: Թեպետ տեսարժան վայրերի զգալի մասը՝ Գաուդիի հեղինակային գործերն են։ Իսկ Գաուդին այնպիսի ոճ ունի, որը անցնել ու չնկատել՝ անհնար է։ Երկրորդ օրից սկսած՝ կարելի է տարբերել և ճանաչել Գաուդիի ձեռագիրը։












Կատալոնիայի սիրտը Բարսելոնան է, իսկ Բարսելոնայինը՝ կատալոնացիները։
Թե Կատալոնիան և թե Բարսելոնան ուսումնասիրելը մի աննկարագրելի հետաքրքրություն ու հաճույք է պատճառում, հատկապես, երբ գիտակցում ես, թե ինչպիսին են անցյալում կատարվածի հետևանքները ներկայում։


Հեղինակ՝ Լուսինե Ալեքսանյան:

No comments:

Post a Comment