Արդյոք կյանքի չգրված օրենք է սիրել մեզ չսիրողներին և չսիրել մեզ սիրողներին։ Մարդկային հոգեբանություն, որը չենք հասկանում, որի պատասխանը չունենք, բայց որով ապրում ենք։
Վառ օրինակ է Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործությունը։ Տեսնում ենք ինքնասիրահարված, ու բացասական բնավորությամբ կնոջ կերպար, որի միայն արտաքինը դյութում ու կուրացնում է տղամարդու։ Բայց չէ՞ որ ոչ միայն Ադամը, այլ նաև մենք բոլորս ոչ թե կնոջ կամ տղամարդու գեղեցկություն տեսնելու, գեղեցկությամբ հիանալու պակաս ունենք, այլ նրա հոգուն սիրահարվելու, սիրվելու, սիրառատ պահեր ունենալու պակաս ունենք։ Մենք բոլորս էլ ինչ-որ չափով Լիլիթ ենք բոլոր այն Ադամների աչքերում, որոնց չենք սիրում, որոնց մեզ հետ նույն հարթության վրա չենք դնում։ Չենք կարողանում հանդուրժել այդպիսիններին, բայց ինքներս ձգտում ենք մեր բարձունքից բարձրերը ելնել։ Եվ ինչպես հետո Ադամը չկարողացավ լինել անկեղծ Եվայի հետ, այնպես էլ Լիլիթը չէր կարողանա Ադամի հետ․ չէ՞ որ անկեղծությունը այնտեղ է, որտեղ սերն է, և սերն այնտեղ է, որտեղ անկեղծությունն է։ Եվ մենք միշտ հավատարիմ ենք, երբ իսկական սեր ենք տածում, քանի որ իսկական սիրո ժամանակ կուրանում ենք մեր սիրով։ Ադամը կույր մնաց մինչև վերջ։ Լինելով Եվայի կողքին՝ Ադամը, միևնույնն է, հավատրիմ մնաց Լիլիթին․ չէ՞ որ նա Եվայի փոխարեն տեսնում ու համբուրում, գրկում, հիանում էր միայն Լիլիթով։ Իսկ երբ չկա սեր, որքան էլ ճիգ գործադրվի, հավատարմություն պահպանվել չի կարող։ Կանայք ու տղամարդիկ երկու գույներ են, որոնք իրենց հերթին պարունակում են հազարավոր, միլիոնավոր, միլիադրավոր երանգներ ու շերտեր, պարզապես ցանկացած երանգի ու շերտի հիմքը իր բուն գույնն է։
Եվ ի վերջո՝ ինչպես Ադամն ասաց․ «Սերն է բոլոր իրերի
հոգին»։
No comments:
Post a Comment