Monday, November 18, 2019

«Հայրիկ, դու խենթ ես»


«Հայրիկ, դու խենթ ես», իսկական խենթ ես, հայրիկ։ Գրքում արծարծված են կարևոր, խորը, իմաստալից, մտածելու տեղիք տվող շատ թեմաներ, մտքեր։ Տեսնում ենք տղայի, ում ծնողները բաժանվել են, ովքեր ապրում են ունեցածը բաժանելով ամիսների։ Սակայն տեսնում ենք, որ տղայի հոգեբանությունը այնքան էլ խանգարված չէ, հոգեբանական կաթված չունի, այլ հակառակը՝ կարողացել է հաղթահարել դա և վստահաբար գիտակցում է եղելությունը։ Ինչքան էլ տղան հաղթահարել է, սակայն ունի մեծ ցանկություն հորը բացահայտելու, նրա հետ ապրելու։ Հայրն էլ իր հերթին լավ վերաբերմունք է ցուցաբերում որդու նկատմամբ անընդհատ խաղում է որդու հետ, սիրով է ժամանակը անցկացնում, բայց այդ ամենը լիարժեք չէ չէ՞ որ որդուց բացի նա նաև ունի աղջիկ, նրանք էլ իրենց հերթին ունեն մայր։
————————————————
  • Ես գրքից առանձնացրել եմ որոշ հատվածներ և վերլուծել դրանք։

«Իսկ նախազգացումը, որ ինչ-որ բան կա գտնելու, համարյա նույնքան հաճելի է, որքան գտնելը համարյա, բայց ոչ լիովին»։ Մենք միշտ փնտրտուքի մեջ ենք և իրոք իրականում փնտրելիս ավելի շատ բան ենք ստանում, գտնում, հասկանում, ապրում, քան երբ վերջապես գտնում ենք և պարզապես միտքը, որ փնտրում ես ու շուտով գտնելու ես, մեծ ուժ ու հաճույք է պարգևում։ Իսկ գտնելուց հետո ամեն ինչ վերջանում է, դու հասնում ես նպատակակետիդ այլ հարց է նպատակակակետին հասնելուց հետո նոր նպատակներ ստեղծելը և նորից ուղիդ շարունակելը։

«Մոլախոտերի գլխին անընդհատ կրակ ու պատիժ է թափվում,- ասաց հայրս,- բայց աչքդ թեքեցիր թե չէ, նրանք տեղնուտեղը նորից են ծլում՝ ճիշտ առաջվա պես սուս-փուս, անշուք ու աննկատ, առանց հպարտության կամ ինքնագոհության և բնավ չչարացած, ինչքան էլ որ ջարդված ու ջախջախված լինեն։ Սա ուղղակի հոյակապ հատկանիշ է, կրկին ու կրկին տեսնելու արժանի»։ Այս տողերը կարդալիս մոլախոտերը համեմատեցի մարդկանց հետ։ Մարդիկ էլ բազում փորձությունների ու դժվարությունների միջով անցնելուց հետո, շարունակում են ապրել, արդեն շատ բաներ հասկացած, ապրած, ստեղծած։ Ու մեզ միշտ դուր են գալիս մարդիկ՝ փորձություններից հետո չկոտրվող, վեր բարձրացող, իսկ արդեն նրանց հակապատկերներին խղճալուց բացի ուրիշ ոչ մի կերպ չենք վերաբերվում։

«Սովորել՝ նշանակում է նայել ու տեսնել, իսկ մարդուն լիառատ լույս է հարկավոր, որ հստակ տեսնի»։ Մենք սովորում ենք նույնիսկ անգիտակցաբար, պարզապես որոշների մոտ դա երևում է ու նստվածք է թողնում, որոշների մոտ էլ բացարձակապես չի երևում, և նույնիսկ թվում է, թե որոշները կույր ու խուլ են։ 
Ոչ բոլորին է տրված սովորելու տաղանդը, հասկանալու տաղանդը, տեսնելու ու լսելու տաղանդը։

«Ամեն մի լավ բան սիրելուց է ծնվում։ Երբ գրողը սիրահարված է աշխարհին, կնշանակի՝ սիրահարված է աշխարհում բոլորին և կարող է գրել, եթե լրջորեն աշխատի»։ Եվ առհասարակ ամեն ինչ հնարավոր է փոխել ու ստեղծել միայն ու միայն սիրո, բարության ու մտքի շնորհիվ։ Սրանք են այն կարևորագույն հատկանիշները, որոնք պետք է լինեն ցանկացածի մեջ։ Իհարկե դա կթվա կատարյալ անիրագործելի երազանք, սակայն կենսական նշանակություն ունեցող գրավական երջանկության համար։ Չգիտեմ՝ ինչպես է տիեզերքը դա հասկանում, բայց ամեն ինչ այլ է լինում, երբ և որտեղ սեր է լինում։

«Ինչու ենք մենք էսպես ապրում, իսկ կենդանիները ուղղակի ապրում են ու վերջ»։  Սա հարց է, որն ինձ հետաքրքրել է մանկուց։ Միշտ ցանկացել եմ լինել որևէ մի կենդանու փոխարեն ու տեսնել նրանց աշխարհն ու կյանքը։ Բայց հիմա հասկանում եմ, որ մոլորակում ապրող ցանկացած շնչող էակի համար գոյությունը պահպանելու կռիվն է և տարբեր տեսակների համար դա տարբեր է։ Եթե մենք մեր երկրում պայքարում ենք աշխատելով, գումար վաստակելով, որպեսզի հետո էլ սնունդ վաստակենք և շատ այլ բաներ իրականացնենք մեզ համար կարևոր ու ցանկալի, կենդանիները կարիք չունեն գումար վաստակելու, մասնագիտություն ձեռք բերելու, նրանք պարզապես ապրում են՝ իրենց կյանքը պաշտպանելով և այլ կենդանիների կյանքը սնունդ դարձնելով։ Ինչպես մենք, այնպես էլ նրանք ունենք մեր կյանքի օղակը։

«Համտես անելու իսկական տեղը փողոցն է, որ կա»։ Սիրում եմ, երբ մարդիկ բնույթով ճամփորդ են լինում։ Եվ պարտադիր չէ ճամփորդ լինել միայն այն դեպքում, երբ երկրիցդ դուրս ես գալիս։ Ճամփորդը դա բնավորության տեսակ է։ Գնալ անծանոթ վայրեր, տեսնել, վայելել, բացահայտել, մոլորվել, արկածներ ստեղծել, գրել-նկարել-պատմել։ Դա է, որ մեզ ամենաշատն է հարստացնում, որ մեզ ամենաշատ փորձն է տալիս, դա է, որ մեզ սնում, լուսավորում ու դաստիարակում է։ (Այս տողերը արտաբերելիս հայրն ու որդին պարզապես փողոցում կանգնած չէին, նրանք ճամփորդում էին, որի ընթացքում իրար էլ ավելի սիրեցին ու բացահայտեցին)։

«Որոշ գործեր գրողն ուզում է իր համար պահել»։ Ու ոչ միայն գրողն է այդպես ուզում։ Դա ուզում է անել ցանկացածը, ով ստեղծում է, լինի դա իրական ինչ-որ առարկա, թե լրիվ հակառակը։

«Կյանքում հաղթելուց հաճելի բան չկա։ Հաղթելուն ոչինչ չի հասնի, դա ամենալավ բանն է աշխարհում։ Ամենից շատ սիրում եմ հաղթելու հույսեր փայփայել ու իսկապես հաղթել»։ ///// «Մարդ պետք է սովորի արժանավայել պարտվել»։ Հաղթած լինելու զգացումը, իհարկե, շատ լավ բան է, սակայն էլ ավելի լավ բան է պարտվելուց հետո չչարանալու ու առաջ անցնելու զգացումը, որը հաճախ չենք նկատում։ Վատ բան չկա պարտվելու մեջ, մենք էլ չենք կարող հավերժ հաղթել չէ՞ որ մեր ամբողջ կյանքը պայքար է, որի ժամանակ անչափ շատ են գիտակցված ու չգիտակցված հաղթանակներն ու պարտությունները։
 ——————————————————————————————
  • Ինչպես նաև առանձնացրել եմ հատվածներ՝ առանց մեկնաբանության, առանց վերլուծության։
«Մենք միշտ ի վիճակի ենք ավելի հեռուն հասնելու, քան թե կարծում ենք։ Բայց մեկ էլ տեսար՝ կարող է պարզվել, որ ի վիճակի ենք ավելի քիչ դիմանալու, քան ենթադրում ենք»։
———————————————————————
«Մարդիկ միշտ էլ հուզմունքի ու հոգսերի մեջ են, միևնույն է՝ իրենց տանը, թե պիեսում»։
———————————————————————
«Մարդ արարածին ի բնե հատուկ են փնտրելն ու սխալվելը, իսկ հետո՝ սխալը գտնելն ու հիասթափվելը»։
———————————————————————
«Մարդ շարունակ նորանոր բաներ է իմանում իր մասին ու ինչքան շատ է իմանում, այնքան ավելի շատ է խճճվում»։ 
———————————————————————
«Հիվանդությունը առաջանում է անօգուտ լինելուց։ Ամեն մարդ պետք է օգտակար լինի»։
———————————————————————


No comments:

Post a Comment