Sunday, June 28, 2020

Սեբաստացու օրագիր #2

Եկել եմ Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Գեղարվեստի դպրոց: Եկել ու շենքին հարակից բարեկարգ ու սիրուն կանաչին նստել եմ ու հիշում եմ հենց այստեղ անցկացրած օրերը, երբ գալիս էի նկարչության դասերի, ուսուցիչներիս՝ ընկեր Կարենին և ընկեր Գագիկին, որոնցից միայն ընկեր Կարենի դասերին էի գնում (թող ների ինձ իմ սիրելի ու միշտ ջերմ ընկեր Գագիկը, բայց մուսաս ու ցանկությունս նկարելու միայն ընկեր Կարենի ներկայությամբ ու իր լսարանում էր այցելում ինձ), իրադարձությունները, երբ շրջում էի Տիար Բլեյանի և հյուրերի հետ դպրոցով մեկ, պատշգամբը, որտեղ ընկերներս ներկայացումներ էին տալիս, իսկ ես լուսաբանում էի դրանք «Սուրհանդակ» ռադիոում:
Մի պահ նույնիսկ հուզվեցի, որ այլևս չեմ կարող ապրել նույնը, որ, իհարկե, ընտանիքի անդամ եմ, բայց ոչ այլևս ամենօրյա ու միշտ թարմացվող ընտանիքի անդամ:  Միգուցե հարցնեք՝ ինչու սկսեցի այդպես մտածել, պատասխանեմ. դեռ վաղուց էի այդպես մտածում, ավարտելուց ի վեր, այսօր պարզապես ևս մեկ առիթ եղավ, որ կրկին դա զգացի: Ապակե պատերից ներս տեսա, թե ինչպես էր մի երիտասարդ քայլում դպրոցում, որին ես բացարձակ չեմ ճանաչում, և թե ինչպես  է դպրոցը փոխվել և՛ արտաքնապես, և՛ ներքուստ ու ես բացարձակ տեղյակ չեմ, թե ներքուստ ինչ փոփոխություններ են եղել, ախր ես այլևս այդ փոփոխությունների մաս չեմ կազմում, ու ամենացավալին այն է, որ չգիտեմ արդյոք «Գեղարվեստի հարթակ»-ը դեռ կա, թե ոչ: Ձեզ մոտ ևս մեկ հարց կառաջանա, թե ինչու այսքան ժամանակ չեմ այցելել մեր դպրոցներ, պատասխանեմ. ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, պատրաստ չեմ հանդիպել դպրոցի ներսում ոչ մի Սեբաստացու: Ես ինքս այդ երևույթը համարում եմ «անիմաստ դրամա»: Ինչևէ, դրաման հաղթահարելու առաջին քայլը բարեկարգ ու սիրուն կանաչից վեր կենալն ու առաջ անցնելն է: Սիրում եմ իմ նորացված ու սիրուն Գեղարվեստը:


No comments:

Post a Comment