Friday, July 3, 2020

Դիմակահանդես․ Անդրե Մորուա


Դուք պետք է գտնեք Ձեզ ոչ միայն գրական, այլև մարդկային տեսակետից, իսկ դա այնքան էլ հեշտ չէ։ Ես ժամանակին մոտիկից ծանոթ էի մեծ Պիրանդելլոյին, որի պիեսներում խոսքը միշտ մարդու բազմադեմության մասին է։ Ես դպրոցական նստարանից, ասում էր նա, համակված էի այն մտքով, թե մարդուն իբրև ամբողջական անձնավորություն նկարագրելը ճիշտ չէ։ Մարդկանց մի մասի հետ շփվելիս մենք խաղում ենք մի դեր, մյուսների հետ՝ մեկ ուրիշ։
Զուր չէ, որ մենք երբեմն տանջվում ենք՝ հայտնվելով երկու բարեկամների միջավայրում․ միայն նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին վերցրած մենք մեզ լավ ենք զգում։ Ընտանեկան շատ դրամաներ բացատրվում են նրանով, որ ամուսիններն այլևս չեն կարողանում խաղալ սկզբնական շրջանում իրենց հոժար կամքով ստանձնած դերը։ Զգեստավորվելով առաքինի ընտանեհոր հագուստով՝ տղամարդն ընտրել է մի վարքագիծ, որն ի վիճակի չէ շարունակել։ Միակ ելքը փախչելն է, այսինքն՝ նոր կյանք սկսել մեկ ուրիշ կնոջ հետ, որի համար նա կխաղա ուրիշ, այդ պահին իրեն ավելի հարազատ դեր․․․ Այն միտքը, թե բոլոր այդ գործող անձինք միաձուլվում են մի ես-ի մեջ՝ պատրա՛նք է․․․ Կյանքն անընդհատ փոփոխություն է։ Շարժումը դադարելուն պես մարդը ծերանում է և մահանում։
Պիրադելլոն իրավացի էր։ Մի մարդու մեջ համատեղում են հարյուրավոր տարբեր մարդիկ։ Նա լավն է, թե՞ վատը։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը։  Դուք դա գիտեք Ձեզանով․ դուք լինում եք քնքուշ ու դաժան, խելամիտ և խելահեղ,  իմաստուն և խենթ։ Դա կախված է հանգամանքներից, կարդացած գրքից, խորհրդատուներից, բարեկամներից։ Հիշեք, օրինակ, Շատոբրիանին։ Նրանում ապրում էր երկու մարդ․ մեկը՝ ջերմեռանդ աստվածապաշտ, ծնունդով ու դաստիարակությամբ քրիստոնյա, մյուսը՝ թուլակամ մեղսագործ, ամբարտավան, անառակ։ Այդ երկուսից ո՞րն է Շատոբրիանը։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Շատոբրիանը հանրագումարն էր։ Հիշեք Նապոլեոնին։ Պետության ո՞ր ղեկավարն էր այդքան փառամոլ։ Ո՞ր աշխարհակալն էր այդքան անկուշտ։ Եվ այնուամենայնիվ ինչպիսի՜ զսպվածությամբ, կարելի է նույնիսկ ասել, ինչպիսի՜ համեստությամբ էր նա դատում իր և իր ճակատագրի մասին։ Սուրբ Հեղինե կղզում կայսեր դիմակի տակից դուրս այեց կրտսեր լեյտենանտի, այն ուսանողի հոգին, որը երազում էր բնակվել Փարիզում, ապրել օրը երեսուն սուով և հիանալ Տալմայի խաղով Կոռնելի պիեսներում։
Իսկ ո՞րն է իսկական Նապոլեոնը։ Բոլորը։ Ընդ որում նրանցից յուրաքանչյուրը անկեղծ էր նույնիսկ սեփական աչքում։ Չէ՞ որ մենք խաղում ենք ոչ միայն ուրիշների, այլև մեր առջև։ Զգացմունքներն ու տարիքը փոխում են մեզ, ինչպես լուսարձակի ճառագայթները բալերինայի սպիտակ զգեստը դարձնում են դեղին, վարդագույն, կապույտ։ Ձեր պատանի եսն այսօր ծիծաղում է ծերերի կրքերի վրա, իսկ չէ որ Ձեզ էլ նույնն է սպասում, երբ հասնեք նրանց տարիքին։ Իր հետքն է թողնում նաև զբաղմունքը։ Քննությունների նախօրյակին բռունցքով ոստիկանության կոմիսարի ծնոտը ջարդող անպիտան լակոտը, գուցե հետագայում կդառնա արդարադատության մինիստր կամ բողոքարկման դատարանի նախագահ։ Չարախնդությամբ ֆրանսիական ակադեմիան ծաղրող երիտասարդ բանաստեղծը մի գեղեցիկ օր թմբուկի զարկերի տակ մուտք կգործի նրա կամարների ներքո և, երջանկությունից արբեցած, շնորհակալական ճառով կդիմի ակադեմիկոսներին։
Եվ այսպես Ձեզանում նիրհում են ամենատարբեր մարդիկ, և եթե նրանցից տասը, հարյուրն իրենց մասին իմաց կտան մինչ Ձեր ճափահաս դառնալը, սիրահարվելը, պաշտոնեական սանդուղքով վեր բարձրանալը, ապա շատ ուրիշներ այդպես էլ մինչև վերջ չեն դրսևորի իրենց։ Կան մարդիկ, որոնք պատանեկան տարիներից մեկընդմիշտ ընտրում են իրենց կեցվածքը։ Երբեմն այդ կեցվածքը գեղեցիկ է։ Դա իմաստուն, խիստ, հավատարիմ մի մարդու կեցվածք է, որն ամբողջությամբ իրեն նվիրել է ուրիշ մարդկանց երջանկությանը և հրաժարվել կյանքի ուրախություններից։ Սակայն երբեմն ներքին ձայնն այդ վեհ դերը խաղացող՝ և փայլուն խաղացող, դերասանին ասում է․ «Մի՞թե դու այդպես էլ ամբողջ կյանքում ձևացնելու ես։ Քեզանից նույն հաջողությամբ դուրս կգար և՛ դոնժուան, և՛ ցինիկ՝ բավական էր միայն ցանկանալ․․․ Դա անհամեմատ ավելի հետաքրքիր, իսկ, գուցեև, ավելի ազնիվ կլիներ»։ Ահա այստեղ էլ մարդը սկսում է կասկածել, թե կյանքը զուր է ապրել, թե իրեն զրկել է ամենամեծ ուրախություններից։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև չի համարձակվել պատռել իր դեմքի սովորական դիմակը, որն արտացոլում էր նրա էության գեթ մեկ, իրականության մեջ դրսևորված միակ կողմը։
Ժամանակին ես ծանոթ էի գրեթե հիվանդագին երկչոտությամբ աչքի ընկնող մի գեղանի անգլուհու հետ։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե ամուսինը, մեծ խելքի տեր մի մարդ, բոլորովին ճնշել է նրան։ Նրա գեղեցկությամբ գերված տղամարդիկ համառորեն սիրատածում էին նրան, բայց վերջինիս ինքնամփոփությունն ու կեղծ անտարբերությունը վհատեցնում էր նրանց։ Մի անգամ տոհմիկ կանանցից մեկն իր առանձնատանը դիմակահանդես էր կազմակերպել։ Այնպես պատահեց, որ իմ կողքին հայտնվեց գեղիրան ջահել մի կին։ Նա չէր պարում։ Քաղաքավարությունից դրդված ես սկսեցի զրուցել․ հարևանուհիս այնքան համարձակ ու սրամիտ էր պատասխանում, որ բոլորովին գերեց ինձ, և ամբողջ երեկո ես նրանից չհեռացա։ Համոզվելով, որ ես հմայված եմ իր նազանքով ու խոսակցությամբ, նա ծիծաղեց ու բարձրացրեց դիմակը։ Ես, ապուշ կտրած, ճանաչեցի գեղանի սակավախոսին։ Դիմակը թույլ էր տվել նրան ուրիշ կին դառնալ։ Ուրիշ, այսինքն՝  ինչ որ ինքն էր։ Կարծում եմ, հենց այդ իսկ պատճառով մի ժամանակ օպերայում դիմակահանդեսները հսկայական հաջողություն ունեին։ Այնքա՜ն հաճելի է իրականությունից վերանալ ու իրեն ուրիշ մարդ զգալ։
Կյաքը դիմակահանդես է։ Պե՞տք է արդյոք միշտ միևնույն դիմակը կրել։ Դա կախված է դիմակից և Ձեզանից։ Եթե դիմակը Ձեզ չի սազում, եթե Ձեզ խանգարում է, եթե Ձեզ թվում է, թե այն ստիպում է Ձեզ խաղալ մի դեր, որի համար չեք ստեղծված, փորձեք փոխել մեկ ուրիշով։ Դրանք շատ են։ Ահա խոստումնալից քաղաքագետի վեհակերպ դիմակը, ահա արվեստագետի դիմակը, որի հետ ամենից շատ կսազի բաց օձիքով վառ կովբոյկան․ ահա և ակնոցների տակից խորաթափանց հայացք գցող ապագա բժշկի դիմակը։ Դեռ ընտրելու ժամանակ կա։ Բայց զգո՜ւյշ եղեք։ Դիմակն ինքը կսկսի վարել պարահանդեսը։ Մյուս դիմակները Ձեզ կընդունեն այն մարդու տեղը, որ թվում եք։ Կյանքի պարահանդեսին գնալով՝ հարմար դիմակ ընտրեք։

"Բաց նամակ երիտասարդին՝ ապրելու գիտության մասին"։

No comments:

Post a Comment