Զգացողություններս այնքան հակասական էին։ Չէի ուզում թողնել Հայաստանը այդ վիճակում,
այդ պահին ու գնալ։ Չէի ուզում թողնել մտերիմներիս, կորցրած կամ ծառայող իմ զինվոր
ընկերներին ու գնալ։ Չէի ուզում թողնել տունս իմ չսիրած Բանգլադեշում ու գնալ։ Չէի
ուզում թողնել երեկոյան թափառումներս ու թափառումներիս փողոցները-ճանապարհները չսիրած
Բանգլադեշում ու գնալ։ Բայց զգում էի, որ կարիքը կա ու կարծես թե ժամանակը եկել էր։
Այնքան բարդ ստացվեց, արդեն բոլորում էր գրեթե մեկ տարին, որ չէր ստացվում մեր մեկնումը։
Եվ ահա ստացվեց շատ անսպասելի։ Գուցեև՝ վերջապես։
Վերջին երկու շաբաթների ընթացքում ամենաշատ հնչեցրած բառս եղել է «չգիտեմ»-ը։ Նույնսիկ
մտքում եմ կրկնում այդ բառը։ Չգիտեմ։ Գրում-ջնջում և վերջում էլի կանգնում եմ այդ բառի
վրա։ Հակասական են նաև տրամադրություններս։ Լիարժեք չեմ կարողանում ուրախանալ, բայց
պահ է լինում, որ հասկանում եմ՝ չի կարելի այսքան կոտրված մնալ, չի կարելի, որ վատը
գերակշռի լավին, որ «չգիտեմ»-ը հաղթի լավատեսությանը ու լավին հասնելու ձգտումներին՝
մեծ մասշտաբներով, կամ այնքան հզոր լինի, որ գրեմ Ձեզ դրա մասին։
Մի խոսքով ես արդեն մի քանի օր է՝ ԱՄՆ-ում եմ։ Մի բան հաստատ է․ պետք է շրջագայեմ,
ճամփորդեմ, բացահայտեմ, սովորեմ, փորձ ձեռք բերեմ, արկածներ որոնեմ։ Սա, իհարկե, ժամանակ
է պահանջում։ Այստեղ գտնվելուս մեկ շաբաթը լրանալուն պես դեպրեսիան սկսվեց, արցունքները
շատացան, նյարդերը լարվեցին։ Համբերություն ու ուժ է պետք ցանկացած հարցի լուծմանը
հասնելու համար։ Կարծում եմ՝ ես ունեմ այդ համբերությունը կամ եթե չունեմ, պատրաստ
եմ սովորել համբերել․ դա կարևոր է։
Ի վերջո մարդ, տվյալ
դեպքում ես, չեմ հրաժարվում իմ արժեքներից, հակառակը՝ փորձում եմ զարգացնել ու բարելավել։
ԱՄՆ-ում դեռ արտառոց
ոչնչի չեմ հանդիպել։ Այստեղ պարզապես ամեն ինչ օրենքի սահմաններում պետք է լինի, կարգուկանոնով,
հնարավորինս բարեկագրված ու մատչելի բոլորին (ոչ միայն ֆինանսապես), հնարավորություններով
ու բացահայտումներով լի։ Ինչքա՜ն լավ կլիներ, որ մեր Հայաստանում էլ այսպես լիներ,
որ մարդիկ համատարած գիտակցեին այդ ամենի կարևորությունը։
Իսկ կյանքում ամեն ինչ անցողիկ է, պետք չէ կառչել մի տեսակետից կամ մի բանից ու մնալ կառչած։ Պետք է առաջ շարժվել, պետք է հավաքել հիշողություններ ու ապրել ամեն օրդ։ Ինձ 2020 թվականը ամենամեծ դասը տվեց, ստիպեց հասկանալ, որ պետք է մտածել թե՛ ապագայի մասին, թե՛ տվյալ օրվա մասին, որովհետև հնարավոր է վաղը էլ չլինի, հնարավորություն նույնպես չունենաս։
Հ․գ․ Լուսանկարը արված է Խաղաղ օվկիանոսում՝ Սանտա Մոնիկայի ափին։ Կփորձեմ հաճախակի գրել ու պատմել բացահայտումներիս ու մտքերիս մասին ԱՄՆ-ից։
No comments:
Post a Comment