Պետք է համակերպվենք ցավի ու կորստի հետ։ Պետք է համակերպվենք, որ էլ տղերքն ու հայրերը այլևս չկան։ Պետք է ապրենք դա գիտակցելով, իրենց հիշելով ու մեր ապագայի մասին մտածելով, եթե չենք ուզում 18-20 տարի հետո նորից պատմությունը կրկնվի։ Ես իրականում դեռ չեմ գիտակցում, ինձ թվում է, թե դեռ իմ երազի մեջ եմ, որ կատարվածը իմ երևակայությունն է, և այդ մղձավանջը ընդամենը 2 օր է տևել։ Սակայն միանգամից աչքիս առաջ են գալիս 40+ օրերը, ապրումները, երբ ժամերը օրեր էին թվում, օրերը՝ տարիներ։ Երբ հացը կուլ չէր գնում, երբ դուրս էի գալիս քայլելու, որ տանը արցունքներս չտեսնեն, իրենք էլ ավելի չնեղվեն։ Երբ վատ լուր էինք ստանում, հետո նորից հույս էին տալիս։
Այդպիսի մի դժոխքի
միջով անցա սեպտեմբերի 30-ին, երբ առաջին անգամ ասացին մոտ ընկերոջս՝ Տիգրան Մելքոնյանի
մասին։ Ասացին, որ պարզապես ասեկոսեներ են, որ հստակ չի, պետք է սպասենք, հետո ասացին,
որ նախորդ գիշերը բանակային ընկերը կապվել է Տիգրանի հետ, ամեն ինչ կարգին է։ Երկու
օր անց հաստատեցին ԴՆԹ անալիզով, որ Տիգրանը
այլևս չկա, սակայն ասացին, որ մարմինը չկա, այդ դեպքում հարց՝ ինչպես են ԴՆԹ անալիզը
արել, եթե մարմինը չկա։ Եվ այդպես 4-5 անգամ մենք հույսով լցվեցինք, նորից թևաթափ եղանք
ու նորից հույսով լցվեցինք։ Ասում են, որ Տիգրանին կորցրել ենք հենց պատերազմի առաջին
օրը։ Օրեր անց Տիգրանի 20 ամյակը համընկավ պատերազմի 20-րդ օրվա հետ։
Նոյեմբերի 30-ին մարմինը գտան։ Դեկտեմբերի 2-ին կայացավ Տիգրանի հոգեհանգիստը։ Տիգրանը
ամեն օր զանգում էր, ամեն օր գրում։ Տիգրանը սովորել չէր սիրում, բայց իրենց զորամասում
գիրք էր գտել ու ոգևորված զանգում, պատմում էր, թե ինչպես է գիրք կարդում, հարցնում
էր ինձ, թե ես ինչ եմ կարդում։ Պատմում էր իր նպատակների մասին, թե ինչ է անելու, որ
գա։ Ամեն անգամ հարցնում էր՝ հո ինձ նեղացնող չկա, իսկ ես բարկանում էի իր վրա դա հարցնելու
համար։ Շատ եմ սիրում Տիգրանին, եղբոր նման, գիտեմ՝ ինքն էլ ինձ՝ որպես փոքր ու միամիտ
քրոջ (անընդհատ շեշտում էր, որ միամիտ եմ, վերջերս էլ հարցնում էր, թե արդյոք նույն
միամիտն եմ մնացել)։ Ափսոս չհասցրի ասել իրեն դա։ Իսկ հիմա էլ այնքան ասելու ու պատմելու
բան կա, որ չեմ կարողանում կիսվել։ Ճանաչենք Տիգրանին։ Տիգրան Մելքոնյան (2000- ∞)։
Իմանանք նաև, որ մեր
2000 և ավելի անմահ հերոսների մեջ ունենք Դավիթ Գևորգյան․ ևս մեկ հարազատ ու մտերիմ
ընկեր-եղբայր, ում հետ կատարվածից 2 օր առաջ խոսել եմ, որի ձայնն այքան հանգիստ էր,
որ ինձ էլ էր այդ հանգստությունը փոխանցել։ Դավիթին ճանաչում են իմ սեբաստացի ընկերները,
ուսուցիչները։ Դավիթի հետ միասին սովորել ենք 6-րդ դասարանից։ Անթիվ-անհամար անգամներ
մանկամտորեն վիճել ենք ու «եղբայրություն» արել միասին։ Դավիթի հետ էլ ունենք լիքը-լիքը
հիշողությունները։ Չափից դուրս հոգատար ու «ջիգյար»-ով իմ Դավիթի սիրո, կորստի ցավի
ու պատմության մասին նույնպես կլռեմ։ Դավիթը մեր դպրոցն ավարտելուց հետո առաջին անգամ
հավաքեց իր դասընկերներին մի վայրում՝ իր հոգեհանգստին։ Ցավ, ցավ, ցավ։ Ճանաչենք Դավիթին։
Դավիթ Գևորգյան (2001- ∞)։
Նրանք աչքիս առաջ են,
նրանց ձայնը՝ ականջներիս մեջ։
————————————————————————
Ուզում եմ ճանաչենք նաև մեր մյուս հերոսներին, ովքեր պահում են մեր սահմանները այս պահին ու շուտով կվերադառնան տուն։ Այս տղաները արդեն տղամարդ են դարձել։
-Արթուր Հովակիմյան։ Եվս մեկ հոգատար ու սիրելի եղբայր Արթուրը, ով նույնպես ամեն օր զանգում է, հետաքրքրվում, թե արդյոք ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Արթուրն էլ իր բնավորությամբ ու տեսակով առանձնանում է․ միշտ ջերմ ու իր սկզբունքներով կանգուն։
-Վլադ Մուսայելայան։
Պատերազմի օրերին Վլադի նկարը երբ տեսա, հպարտության, հուզմունքի ու ուրախության մեջ
էի։ Եթե չճանաչեի Վլադին ու չիմանայի, որ 19 տարեկան է, կկարծեի, թե մի մեծ տղամարդ
է։ Վլադը մի քանի օրով արձակուրդ էր եկել։ Նույն կենսուրախ ու կատակասեր Վլադն էր,
որի ամենաթեթև կատակից ես բարձր ծիծաղում եմ։
-Արեգ Ղալամքարյան։
Արեգը ինձ համար համեստ իր տեսակով է առանձնանում ու իր գեղեցիկ երկար մազերով, որ
ուներ մինչ ծառայության մեկնելը, վերադառնալուց հետո հուսով եմ նորից կերկարացնի մազերը։
Իր՝ ֆուտբոլ սիրելը արվեստ է․ շատ է սիրում։ Շատ խելացի է։
-Էրիկ Թելունց։ Էրիկին
ես դիմում եմ Պարոն Թելունց։ Էրիկը կարծես իմաստուն ծերուկ լինի, սակայն ինձնից փոքր
է։ Շատ խելացի ու իր սեփական տեսակետը ունի, ու երբեք չես գուշակի, թե ինչ կարծիք կարտահայտի
Էրիկը, ինչ-որ թեմայի վերաբերյալ իր աձագանքը ինչպիսին կլինի։ Էրիկի հետ անցել է ամբողջ
իմ մանկությունը։ 14 տարվա ընկերներ ենք (Էրիկը, թե այս տողերը կարդա, կասի՝ 13,5
:D):
-Միքայել Գրիգորյան։
Մեր խուճուճ Միքոն։ Ինքն էլ մի անհատականություն է, լավ մարդ ու շատ ջերմ։ Մեր ծանոթություն-ընկերությունը
էլի փոքր տարիքից է սկսվում։
-Էրիկ Սահակյան։ Էրիկը
թեպետև իմ դասընկերը չէ, բայց ուրախ եմ, որ ճամփորդել ենք միասին, ճանաչել իրար։ Շատ
լավ, բարի ու հումորով տղա է։ Պատերազմի առաջին օրերին ծանր վիրավորում էր ստացել։
Փառք Աստծո արդեն ամեն բան կարգավորվում է։
————————————————————————
Այս ու մյուս բոլոր տղաները՝ ծանոթ-անծանոթ, հերոսներ են, որոնց շատ-շա՜տ սիրում եմ ու շնորհակալ եմ։
Ուրախանում եմ յուրաքանչյուր զինվորի գալու համար, ցավում յուրաքանչյուր ընկած զինվորի
համար։ Բոլորս ենք այդպես, գիտեմ։
Համբերություն բոլորիս, խաղաղություն սահմաններին։ Սպասում ենք մեր զինվորներին։
Լուսնակարներում․
Մեջտեղի շարքում (ձախից աջ)՝ Տիգրան Մելքոնյան, Դավիթ Գևորգյան։
Վերևի շարքում (ձախից աջ)՝ Արեգ Ղալամքարյան, Վլադ Մուսայելյան, Արթուր Հովակիմյան։
Ներքևի շարքում (ձախից աջ)՝ Էրիկ Թելունց, Էրիկ Սահակյան, Միքայել Գրիգորյան։
No comments:
Post a Comment