Wednesday, April 29, 2020

Մայրենին

Մենք ապրում ենք հայկական միջավայրում, որի մայր լեզուն հայերենն է։ Մենք խոսում ենք և գրում ենք հայերեն։ Ինչ խոսք, մեզնից շատերը տիրապետում են այլ լեզուների ևս, որը միանգամայն ուրախալի է։
Գերընտիր անգլերեն, ռուսերեն կամ այլ օտար լեզվի տիրապետող մարդը, միևնույնն է, զգացմունքները՝ դրական, բացասական, արտահայտում է իր մայրենիով՝ մեկական բառով՝ ա՜խ, վա՜խ, ջա՜ն և այլն․․․ Ինչո՞ւ է այդպես։ Ինչքան էլ խոսենք, գրենք այլ լեզվով, մենք մեկ է ապրում ենք հայերենով, զգում ենք հայերենը։ Ինչպիսին մարդն է, այնպիսին էլ իր լեզուն է՝ բարդ, հետաքրքիր, ժամանակի ընթացքում փոփոխվող-զարգացող։  Երբեմն լինում են բառեր, արտհայտություններ մեր լեզվում, որ կարելի է մատուցմամբ ամբողջովին հիասթափեցնել, կամ շնորհիվ մատուցման անմիջապես հիացնել․ և կրկին սա նման է մարդուն։ Իսկական հայերենը, հարուստ հայերենը շոյում է ականջդ, հաճույք պարգևում, արթնացնում է քո մեջ ցանկությունը էլ ավելի գեղեցկացնել, հարստացնել, կատարելագործել մայրենիով սեփական խոսքդ։  Նելսոն Մանդելան ասել է «Եթե դուք խոսում եք մարդու հետ այն լեզվով, որ նա հասկանում է, այն մտնում է իր գլուխը։ Եթե դուք խոսում եք մարդու հետ իր լեզվով,  այն մտնում է իր սիրտը»։ Ես չէի հասկանում, թե ինչ նշանակություն ունի լեզուն՝ տվյալ ազգին պատկանելու համար։ Այժմ ես համոզվել եմ և կարծում եմ, որ տվյալ ազգի ներկայացուցիչ լինելու համար, առաջին հերթին պետք է տիրապետել մայր լեզվին։ Հոգով պատկանելը երկրիդ, հայրենիքիդ, թույլ չի տա մոռանալ մայր լեզուդ աշխարհի որ ծայրում էլ հայտնվելու դեպքում։ Բայց և այնպես մեզնից քանի՞սն են հասկանում այդ և փորձում են չաղավաղել հայերենը։

No comments:

Post a Comment