Saturday, May 23, 2020

«Վերոնիկան որոշում է մահանալ»․ Պաուլո Կոելյո


Ինչ խոսք, այս վերնագիրը շատ լավ է ընտրված․ այն իր մեջ ինչ-որ բան է թաքցնում։ Վերոնիկան որոշում է մահանալ, բայց այնուամենայնիվ դա միայն մի որոշում է․ նա չի մահանում։ Պաուլո Կոելյոի այս գիրքը վաղուց էի ձեռք բերել և ամեն անգամ, երբ բացում էի, որ կարդամ, առաջին մի քանի էջից հետո այն փակվում էր և այլևս չէր բացվում մինչև հաջորդ անգամ նույն գործողությունը կրկնելը։ Կարծում եմ, որ ցանկացած գիրք իր ժամանակը ունի քեզ մոտ հայտնվելու, և ահա «Վերոնիկայի ժամը հասել էր»։ Որոշել էի գիրքը միանգամից չկարդալ, այլ ամեն օր մի հատված, սակայն այդպես միայն սկզբում էր, քանի որ չստացվեց պահպանել ամենօրյա ռեժիմը, և ի վերջո այն կարդացի մի շնչով։ Ես, իհարկե, տարբեր մտքեր ունեի՝ կապված գրքի ավարտի հետ, բայց ինչքան էլ, որ կանխագուշակել էի ավարտը, միևնույնն է, մի տեսակ այլ տարօրինակ տպավորություն գործեց ինձ վրա։
Այս ստեղծագործության հերոսուհին՝ Վերոնիկան,  24 տարեկան է, աշխատում է գրադարանում, ապրում է ծնողներից առանձին, կորցրել է հետաքրքրությունը կյանքի հանդեպ և որոշել է մահանալ։ Նա անում է դա՝ խմելով հատուկ դեղեր, սակայն նրան չի հաջողվում վերջանականապես խոր քուն մտնել․ նրան հասցնում են փրկել։ Նրան տեղափոխում են Լյուբլյանայում հայտնի ապաստարան՝ նախատեսված հոգեկան հիվանդների համար։ Վերոնիկան, իմանալով, որ իրեն մնացել է մի քանի օր, ցանկանում է մի բան անել, որպեսզի մահը շուտ վրա հասնի, սակայն արդյունքում նա ձեռք է բերում նոր ծանոթություններ, որոնց կյանքի պատմությունները տեղ են գտնում գրքում, և որոնք ևս շատ հետաքրքիր են, և որոնց վրա խորը ազդեցություն է թողնում Վերոնիկան և իր կարգավիճակը։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ նա իրեն ընկերուհի է գտնում, ընկերանում է նաև իրենից մեծ կնոջ հետ, սիրահարվում է շիզոֆրենիկի՝ Էդուարդին, հասկանում է կյանքի իմաստը և այլևս չի ուզում մահանալ։ Իրականում կյանքը կարելի է գլխապտույտ փոխել ընդամենը ժամերի ընթացքում։ Այսպիսով նա հասկանում է, որ անդառնալի սխալ է թույլ տվել, որ նա պարզապես չի ճանաչել իր մեջ ապրող այլ ու շատ Վերոնիկաների, և այժմ ուզում է իր կյանքի վերջին ժամերն անցկացնել հոգեբուժարանից դուրս՝ պարզապես վայելելով իր վերջին ժամերը։ Այդ մի քանի օրերը հոգեբուժարանում փոխում են իր պատկերացումները կյանքի մասին։ Նա հասկանում է, թե ամենից շատ կյանքում նա ինչ է սիրում և ինչով պետք է զբաղվեր։ Նա սիրում էր դաշնամուր նվագել, և սա պատճառ է դառնում Էդուարդի և իր ծանոթության։ Ի սկզբանե այս երկու երիտասարդները տուժվել են իրենց ծնողների սիրուց։ Վերոնիկան չի գնացել իր նախընտրելի ուղով, այլ հանուն մոր իրականցրել է մոր ցանկանությունը, քանի որ մայրը շարունակ կրկնել է, որ իր կյանքը նա նվիրել է Վերոնիկային, որ հանուն Վերոնիկայի զրկել է իրեն ամեն ինչից և հիմա ուզում է, որ Վերոնիկան լավ ու արժանավայել մասնագիտությամբ աշխատի, բայց քանի որ Վերոնիկան չէր զբաղվում իր սիրած գործով, հաջողություններ չի ունենում և սկսում է աշխատել գրադարանում։ Էդուրադը վերջնականապես հայտնվել է այս հոգեբուժարանում կրկին այդ պատճառով, քանի որ նա ցանկանում էր դառնալ նկարիչ, իսկ դեսպան հայրը և մայրը չեն ցանկանում, որ նա այդ ուղով անցնի, այլ ուզում են, որ դիվանագետ դառնա և շփվի իրենց շրջապատի հետ։ Ահա երկուսն էլ, հրաժարվելով իրենց երազանքներից, հայտնվում են այս կարգավիճակում։ Երբ Վերոնիկան հայտնվելով հոգեբուժարանում, բժիշկը հայտնում է, որ նրան 5-ից քիչ օրեր են մնացել ապրելու։ Օրերն անցնում են, սակայն նա չի մահանում․ դա ինձ մոտ կասկածներ էր առաջացնում։ Ամենավերջում պարզվում է, որ բժիշկը հոգեբանական փորձարկում է կատարել Վերոնիկայի հետ, և որը ստիպել է Վերոնիկային գիտակցել մահը և ցանկություն է առաջացրել ապրելու, դա էլ և նրան օգնել է վերականգնվել․ ըստ բժշկի՝ մահվան մասին գիտակցումը ուժ է տալիս ապրելու։ Այդ հեգեբանական փորձը վարակել է նաև այլ հիվանդների, ովքեր անձամբ եկել և խնդրել են դուրս գալ հոգեբուժարանից, ովքեր խնդրել են ևս մեկ անգամ ստուգել նրանց կարգավիճակը, ովքեր ռիսկերի են դիմել և փոխել իրենց կարգավիճակը։ Այնտեղ եղել են հիվանդներ, որոնք հիվանդ չեն եղել, կամ եղել են, բայց միայն սկզբում, սակայն չուզելով վերցնել պատասխանատվություն իրենց կյանքի համար՝ շարունկել են ապրել հոգեբուժարանում․ հանգամանքները տարբեր են եղել։
Եվ ահա սա հաջողված ստեղծագործություն էր մարդկանց ևս մեկ անգամ մտածելու առիթ տվող, մարդկանց հետ հոգեբանորեն խոսելու։ Ես Վերոնիկայի միջոցով հասկացա, թե ինչպիսին պետք է չլինել, ինչպես պետք է չապրել։ Եթե դեռ չեք հասցրել ընթերցել գիրքը, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս սկսել այն։ (Ստեղծագործությունը կարդացել եմ ռուսերեն․ նույնը խորհուրդ կտամ Ձեզ)։

No comments:

Post a Comment