Վահրամ Թոքմաջյանը, Յուրա Գանջալյանն ու ես դիմավորելով նրանց՝ ընդունելությունը սկսեցինք Մեդիակենտրոնից՝ շարունակելով Արևմտյան դպրոց-պարտեզ։ Ճանապարհի ընթացքում նրանց մոտ շատ հարցեր առաջացան, որոնց ես մեծ սիրով պատասխանում էի. հաղորդակցվում էինք անգլերենով։ Նրանք, գրեթե բոլորը ուսուցիչներ էին և հետաքրքրված էին կրթահամալիրում իրականացվող կրթական համակարգով։ Թե՛ ես, թե՛ Վահրամ Թոքմաջյանը և թե՛ Յուրա Գանջալյանը ներկայացնում էինք կրթահամալիրը, իսկ կրթահամալիրի միջավայրը ինքնին արտահայտում էր մթնոլորտը։ Շրջեցինք ամբողջ դպրոց-պարտեզով, ցույց տվեցինք մեր թե՛ փակ և թե՛ բաց լողավազանները, ինչպես նաև ներկայացրինք կրթահամալիրի կայքը, խոսեցինք մի փոքր էլ պատմությունից և գնացինք ագարակ։ Ագարակում նրանք տպավորված էին կենդանիների բազմազանությամբ և ձիերի խնամքով։ Ցույց տվեցինք նրանց նաև հյուրատունը, որտեղ սովորաբար հյուրընկալվում են մեր վրաց ընկերները։ Եկանք շրջելու նաև սիրելի Մայր դպրոցով։ Մտանք խեցեգործության լաբորատորիա. պատմեցինք, թե ինչպես են սովորողները իրենց ձեռքով պատրաստում տարատեսակ առարկաներ և վաճառում։ Մարմարյա սրահի գեղեցկությունը ֆիքսեցին նաև նրանց տեսախցիկները։ Շրջեցինք նաև Ավագ դպրոցով. նրանց զարմացրին մեր բաց ու ազատ դասասենյակները։ Պատմության ուսուցիչները ցանկացան տեսնել նաև պատմության լսարանը, որը Վահրամ Թոքմաջյանը ցույց տվեց մեծ սիրով։ Այնտեղ էլ զրուցեցինք, քննարկեցինք, պատմեցինք և ապա ամփոփեցինք. նրանք հիացած էին կրթահամալիրով, ինչպես իրենք ասացին՝ ճամփորդել էին շատ երկրներով, սակայն մեր կրթահամալիրի նման դպրոց երբեք չէին տեսել։ Ինչպես և մենք, այնպես էլ նրանք ոգևորված էին և ցանկություն հայտնեցին հետագայում համագործակցել։ Շրջայցն ավարտեցինք շնորհակալություններով, սիրով և ձեռքսեղմումով։ Ի դեպ ուսուցիչներից շատերին թվում էր, թե ես նույնպես ուսուցիչ եմ։ Ուրախ եմ, որ նրանք հյուրընկալվեցին, և հնարավորություն ընձեռվեց զրուցել, ներկայացնել այն միջավայրը, որտեղ անցկացրել եմ կյանքիս կարևորագույն փուլերը։ Ուրախ եմ նաև, որ համակրանքը փոխադարձ է, և կապերը ամրապնդելու պլաններ կան։
Դիտեք ուղիղ եթերները՝ 1 ... 2
No comments:
Post a Comment